Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:
Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ջերմ ողջույններն ու պատրաստակամությունը՝ աջակցելու դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է սերտ համագործակցության տարբեր ուղղություններով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն ու ամրապնդումն է դատական համակարգի նկատմամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում իրական փոփոխությունների հասնելը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումներին, այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի այլ հարցերի: