Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    533,5
    541,5

  • RUB

    7,51
    7,71

Կարևոր իրադարձություններ

 

Մեկ տարում 91 հայց՝ ընդդեմ ԶԼՄ-ների. ինչի՞ մասին է խոսում այս վիճակագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am

17 Հունիս, 2019 20:12
Մեկ տարում 91 հայց՝ ընդդեմ ԶԼՄ-ների. ինչի՞ մասին է խոսում այս վիճակագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.  Factor.am

Faktor.am-ը գրում է.

Անցած մեկ տարում լրատվամիջոցներն ավելի հաճախ են հայտնվել դատարաններում, քան, օրինակ, 2010-2014 թվականներին միասին վերցրած։ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով 91 հայցադիմում է մուտք արվել դատարաններ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է Դատական դեպարտամենտը։ Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այսպիսի վիճակագրությունն անհանգստացնող է․ «Քաղաքական լարված ժամանակաշրջան է, իշխանություն է փոխվել, բավականին կեղտոտ փողեր են հայտնվել լրատվական դաշտում, որը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ։ Սա ենթադրում է նյութական և ռեսուրսների ծախս, լրատվամիջոցները իրենց հիմնական առաքելությունը թողած, զբաղվում են իրենց շահերը դատարաններում ներկայացնելով, որը հարվածում է հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքին»։ 

Ավանդաբար, լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնողը նաև 1 կամ 2 միլիոն դրամի ֆինանսական պահանջ է ներկայացնում, ինչը որոշ լրատվամիջոցների կարող է փակման տանել։ Մյուս կողմից էլ Շուշան Դոյդոյանն արձանագրում է՝ այսօր էթիկական լրագրությունը տեղը զիջել է ապատեղեկատվությանը, առանց փաստական հիմքի հրապարակումներին, ինչն իր հետ նոր հայցադիմումներ է բերում։ Ըստ նրա՝ մեկ այլ անհանգստացնող հանգամանք է, որ մեծ թիվ են կազմում հատկապես քաղաքական գործիչների հայցադիմումները ԶԼՄ-ների դեմ։ 

«Երկու կողմն էլ անելիք ունեն։ Այս կողմը, որ նա հասկանա՝ մենք չենք խնդրել, որ իրենք իշխանության գան, դա ձեր կյանքի ընտրությունն է, իշխանության եք եկել, պետք է պատրաստ լինեք դրա կողմնակի ազդեցությունները վայելելու։ Առանց այդ քննադատության չի կարող զարգանալ ժողովրդավարական հասարակություն։ Լրատվական դաշտը անելիք ունի ինքնամաքրվելու, լրագրողական էթիկային շատ մեծ տեղ տալու, ինքնակարգավորման մեխանիզմները զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Շուշան Դոյդոյանը։ 

Ամենից շատ հայցադիմումների արժանացած լրատվամիջոցների շարքում է «Հրապարակ» օրաթերթը։ Մեկ տարվա ընթացքում 5 հայց է ներկայացվել այս լրատվամիջոցի դեմ։ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գնահատմամբ՝ նոր իշխանությունը առանձնապես մեծ սիրով ու հարգանքով չի լցված մամուլի նկատմամբ, ու այդ վերաբերմունքը տարբեր անձանց է փոխանցվել, որոնք հայցադիմումներ են ներկայացնում։ Այդուամենայնիվ, տիկին Օհանյանը չի պնդի, որ իշխանությունը հորդորում է իր այս կամ այն ներկայացուցչին ընդդեմ լրատվամիջոցների դիմել դատարան։ 

«Չունեմ ապացույցներ, փաստեր, որ դա վերևից հրահանգված կարգավորված պրոցես է, բայց մի բան փաստ է, որ մեր երիտասարդ իշխանությունները մամուլի հետ բարդ հարաբերություններ ունեն, դժվար են տանում քննադատությունը, բոլոր հնարավոր ձևերով հակադրվում են մեր հրապարակումներին, հերքումներ են ուղարկում, հակաքարոզչություն են անում մամուլի, ազատ խոսքի․․․ ինչքան էլ հայտարարեն, որ ազատ խոսքը անսահմանափակ հնարավորություն ունի երկրում, բայց իրենց քայլերից, գործողություններից, ստատուսներից, ՖԲ գործունեությունից ակհայտ է ճիշտ հակառակը»,- նշեց տիկին Օհանյանը։ 

Գնահատելով այսօր լրատվամիջոցների գործունեության պայմանները, «Հրապարակի» խմբագիրն առաջարկում է մամուլի այսօրվա վիճակը համեմատել ոչ թե 90-ականների հետ, երբ իր խոսքով՝ բռնությունները լրագրողների դեմ սովորական էին, այլ՝ 2000-ականների։ 

«Թվում է թե՝ հեղափոխություն է եղել, երկրում մթնոլորտ է փոխվել, հիմա ավելի դեմոկրատական և ազատ ստեղծագործելու հնարավորություններ կան, բայց երբ նայում ես իրավիճակին և մթնոլորտին, հոգեբանական մթնոլորտին, որ կիրառվում է հիմա ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ, մենք այսօր անհամեմատ բարդ վիճակում ենք հայտնվել»,- նշեց «Հրապարակի» խմբագիրը։ 

Վերջին մեկ տարում 91 հայցադիմումը ԶԼՄ-ների դեմ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին հիշեցրել է 2010-2011 թվականները, երբ զանգվածայնորեն հայցեր են ներկայացվել ընդդեմ ԶԼՄ-ների։ Սակայն հիմա, ըստ նրա, իշխանության ուղիղ ուղղորդումն է բացակայում. «Ես չեմ բացառի, որ իշխանական շրջանակներում կա հորդոր՝ եթե կա զրպարտություն և  վիրավորանք, դիմել դատարան, և եթե միայն դա է, ես այստեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև մարդկանց տեղեկատվական իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի, և այստեղ ավելի շատ կարևոր է՝ արդյոք ուղղորդվում են դատարանները, որովհետև 2010-11 թվերին հստակ ուղղորդում կար, որ բավարարեն հայցերը և բավարարեն 100-1000-ավոր դրամների բարոյական վնասի փոխհատուցում։ Այսօր ես չեմ կարծում, որ դատարանների վրա կա ճնշում և կա այդպիսի հրահանգ, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով դատարանները պրոֆեսիոնալ և համաչափ կգործեն»։ 

Ի դեպ, լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերից նշանակալի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից մեկ տարվա ընթացքում ընդդեմ «Առաջին լրատվականի» ներկայացրած 3 հայցերը։ Նա լրատվամիջոցից պահանջել է հրապարակային հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը, ինչպես նաև վճարել 2 մլն դրամ։ 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին