Կարևոր իրադարձություններ

Միասնական քննությունը վերահանձնել հնարավոր չէ, վատ զգալու դեպքում լավ է՝ ընդհատել. ԳԹԿ. Armtimes.com

14 Հունիս, 2019 21:04
Միասնական քննությունը վերահանձնել հնարավոր չէ, վատ զգալու դեպքում լավ է՝ ընդհատել. ԳԹԿ. Armtimes.com

Հայաստանում միասնական քննությունները շարունակվում են: Հունիսի 14-ին դիմորդների գիտելիքները ստուգվել են օտար լեզու առարկայից:

Ամենամեծ քննությունը եղել է անգլերենից՝ հանրապետության 30 քննական կենտրոնում: Այս առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4 524 շրջանավարտ-դիմորդ: 123 հոգի պետք է գերմաներեն հանձներ 11 քննական կենտրոնում, 85-ը՝ ֆրանսերեն՝ 9 քննական կենտրոնում: Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում էլ 2 շրջանավարտ-դիմորդ հայտագրվել է պարսկերենից քննություն հանձնելու համար եւ այլն:

Մայրաքաղաքում զբաղված են եղել բոլոր քննական կենտրոնները: Թիվ 11 հիմնական դպրոցում դիմորդները քննություն են հանձնել երեք օտար լեզուներից՝ 120 հոգի անգլերենից, 17-ը՝ գերմաներենից եւ 39-ը՝ ֆրանսերենից: Մնացած քննական կենտրոններում անցկացվել է միայն անգլերենի քննություն:

Արդյունքները փակցվելու են քննությունից հետո՝ հինգերորդ օրը՝ հունիսի 19-ին: Իսկ մինչ այդ գնահատման եւ թեստավորման կենտրոնը, ինչպես միշտ, խոստանում էր, որ թեստերի պատասխաններն իր պաշտոնական atc.am կայքում կհրապարակվեն քննության ավարտից 1-1.5 ժամ հետո, եւ պատասխանի ձեւաթղթի քսերոպատճենն իր հետ քննասրահից տարած դիմորդը կարող է ինքնուրույն հաշվել միավորներն ու իմանալ գնահատականը: Բայց օրվա ընթացքում ծնողներն ու դիմորդները սկսեցին բողոքել կայքի խափանումներից, իսկ ԳԹԿ-ն ներողամտություն հայցելով՝  դա պատճառաբանեց կայքի ծանրաբեռնվածությամբ եւ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, պարսկերենի, իսպաներենի ու իտալերենի թեստերի պատասխանները հրապարակեց նաեւ ԳԹԿ ֆեյսբուքյան էջում:

Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 դպրոցում անգլերենի քննություն հանձնած շրջանավարտներից մեկը, որը դիմել է Սլավոնական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետ եւ որի հետ զրուցեցինք, քննության ընթացքի ու թեստերի հետ կապված դժգոհություններ չուներ: «Թեստերը հիմնականում շտեմարանից էին: Կային փոփոխված բաներ, բայց չեմ կարող ասել՝ դժվար էր: Միջին բարդության էր: Քննությունը շատ լավ անցավ, ոչ մի արտառոց բան չգրանցվեց»,- ասաց աղջիկը՝ չցանկանալով անունը հրապարակել: Նրա գնահատմամբ, այս տարվա թեստերը բարդությամբ չէին տարբերվում անցյալ տարվա թեստերից: Միակ նորությունն, ըստ աղջկա, այն էր, որ առաջադրանքների մի մասը նույնությամբ չէին կրկնում շտեմարանների առաջադրանքները եւ որոշակի փոփոխություններով էին ներկայացված:

Դա, փատորեն, ըստ էության, այն է, ինչի մասին խոսում էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, երբ նշում էր, որ շտեմարաններից ընտրված ու թեստերում ընդգրկված առաջադրանքները պետք է կրեն որոշակի փոփոխություններ, որպեսզի չգործի պատասխանները անգիր սերտելու եւ մեխանիկորեն առաջադրանքները կատարելու տարբերակը:

«Իրականում իր այդ գաղափարը շատ լավն է, եթե ճիշտ գործածվի: Այսինքն՝ չենք կարող միանգամից շտեմարանները հանենք ու դնենք այնպիսի բան, որը երեխեքից ոչ մեկը չի իմանա կամ չի պարապել (նկատի ունի բոլորովին նոր ու անծանոթ առաջադրանքներ-խմբ.): Բայց հիմնականում այդ գաղափարը ճիշտ է, որովհետեւ շատ մարդիկ կան, որ անգիր արած գրում են»,- կարծիք հայտնեց դիմորդը: Անգլերենի թեստերում, նրա դիտարկմամբ, որոշակի փոփոխությունների էին ենթարկվել առաջադրանքների քսան տոկոսը:

Մեր զրուցակիցն ասաց, որ շուրջ մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ: Հույս ուներ, որ բարձր գնահատական է ստանալու: Գրում է armtimes.com-ը:

Ինչ վերաբերում է «հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունների վերջնական արդյունքներին, դրանք գրեթե չեն տարբերվում ավելի վաղ մեր հրապարարակած նախնական արդյունքներից: Անբավարար կամ առավելագույն միավոր ստացած դիմորդների թիվը փոփոխվել է ընդամենը մեկ-երկուսով: Թեստերի երրորդ ու վերջին ստուգումից հետո պատկերն այսպիսին է՝ 5 370 դիմորդից անբավարար՝ 7.5-ից ցածր միավոր է հավաքել 1045 դիմորդ կամ քննության մասնակիցների 19.5 տոկոսը: Նախորդ տարի այդ տոկոսը եղել է 16: 18-20 միավոր է վաստակել 493 դիմորդ կամ մասնակիցների 9.2 տոկոսը՝ նախորդ տարվա 14.2 տոկոսի փոխարեն:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին