Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամսական մեկ գիրք կարդալու դեպքում դատապարտյալին կարճաժամկետ մեկնելու հնարավորություն տալ

14 Հունիս, 2019 19:10
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամսական մեկ գիրք կարդալու դեպքում դատապարտյալին կարճաժամկետ մեկնելու հնարավորություն տալ

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամսական մեկ գիրք կարդալու և դա ներկայացնելու դեպքում դատապարտյալին կարճաժամկետ մեկնման հնարավորություն տալ:ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներից հետո տեխնիկական ճշգրտումներ կատարելու նպատակով Բագրատյանը հետաձգեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

«Առաջարկում եմ օրենքի համապատասխան հոդվածը լրացնել հետևյալ մասով, որ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին որպես խրախուսանքի միջոց օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվի սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում: Մեր նպատակն է, որ սոցիալական միջավայր, հոգեբանական այնպիսի պայմաններ ստեղծենք, որ կարողանանք մեր քաղաքացուն հասարակություն վերադարձնել լիարժեք կերպով»,-ասաց Բագրատյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոյալ Բաղդասարյանը նշեց, որ Բագրատյանի մեկնաբանությունների մեջ ներկայացրած փաստերը վերաբերում են վաղակետ պայմանական ազատ արձակման ինստիտուտին, բայց ներկայացված օրենքի նախագծում նշված է կարճաժամկետ մեկնում: Նա նշեց, որ կարճաժամկետ մեկնումը  Քրեակատարողական օրենսգրքում լրիվ այլ խնդիր է լուծում: Պատգամավորը նշեց, որ միտքն ընդունելի է, սակայն պետք է ճիշտ ձևակերպում տան, պատրաստակամություն հայտնեց օգնել:  Բագրատյանը համաձայնեց հետաձգել  քննարկումը, աշխատել ճշգրտումներ, շտկումներ կատարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին