Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին

14 Հունիս, 2019 13:45
Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես  տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝  ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները: 

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջև կա գործակցության մեծ ներուժ և այն նպատակային օգտագործելու ցանկություն։  Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։ 

Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։

Նախարարը մանրամասնել է հատկապես կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ «Թումոյի», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների  գործունեությունը, Հայաստանի ազգային լաբորատորիաների դերը տեխնիկական բուհերի ուսանողների համար: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացման հիմքը լավ կրթությունն է՝ դպրոց, բուհ, ակադեմիա շղթայի ճիշտ կազմակերպումը, ինչում արդեն նկատելի հաջողություններ կան գրանցված և այդ ուղղությամբ կարող ենք կիսվել մեր ունեցած փորձով և գիտելիքներով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այլն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին