Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650,000 դրամ է պահանջում

13 Հունիս, 2019 14:55
Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650,000 դրամ է պահանջում

Մեզ համար այս հայցն ընդհանրապես անհասկանալի էր։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ  Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով  Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործին։

«Մեր հստակ ընդգծված դիրքորոշում այն էր, որ  անզեն աչքով էլ, երբ այդ հայտարարությունները կարդայիք, կտեսնեիք, որ իմ վստահորդի խոսքը սահմանադրաիրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություն էր»,- շարունակեց նա։

Թեև Ռոբերտ Քոչարյանը հայցից հրաժարվեց, միևնույն է, պատասխանող կողմը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 հազար դրամ է պահանջում։

«Ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է։ Կարծում եմ՝ հետագայում որպեսզի կանխվի նման անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, մենք  պետք է հետմահու լինենք, որ այդ հարցը լուծվի»,-շեշտեց Գյոզալյանը։

Վերջինս հայտարարեց, որ գումարը պահանջելու հիմնական նպատակն այն է, որ նման հայցեր ներկայացնողները, իսկ հայցը Գյոզալյանն անհիմն է որակում, իմանան, որ գոնե դատական ծախսերը պետք է փակեն։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018 թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը դատարանն ավարտեց։ Գործը նախագահող դատավոր Լարիսա Սարգսյանը հայտարարեց, որ գործով վճիռը դատարանը կհրապարակի հունիս 24-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին