Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Շվեդիան խորացնում են խորհրդարանական համագործակցությունը. ԱԺ խոսնակի հանդիպումը Շվեդիայում

13 Հունիս, 2019 13:49
Հայաստանն ու Շվեդիան խորացնում են խորհրդարանական համագործակցությունը. ԱԺ խոսնակի հանդիպումը Շվեդիայում

Հունիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիկսդագի լիագումար նիստին, որի ընթացքում շվեդ պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հայկական խորհրդարանի ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ռիկսդագի փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարացման բնագավառներում: Ռիկսդագի փոխխոսնակը, ջերմությամբ վերհիշելով մարտ ամսին Հայաստան կատարած այցը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-շվեդական խորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը: Աշխատանքային ճաշին մասնակցել են նաեւ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

Նույն օրը Ռիկսդագի խոսնակի կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Անդրեաս Նորլենի երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են Շվեդիայի խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին ղեկավարները:

Արարատ Միրզոյանը եւ պատվիրակության անդամները պատասխանել են շվեդ գործընկերների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ընթացիկ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: Քննարկվել է նաեւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը ի նպաստ Հայաստանում ժողովրդարական ձեռքբերումների կոնսոլիդացման: Քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները միակարծիք էին Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունների վերաբերյալ դրական գնահատականներում:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է խոսնակ Անդրեաս Նորլենին, փոխխոսնակներին եւ բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարներին մոտ ապագայում Հայաստան այցելելու հրավերը, ինչը հնարավորություն կընձեռնի ավելի խորացնելու հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը:

Օրվա ավարտին ՀՀ ԱԺ նախագահի եւ պատվիրակության անդամների պատվին Ռիկսդագի խոսնակի պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված Վիլլա Բոնիերում տրվել է պաշտոնական ընթրիք, որին նախորդել էր երկու խոսնակների շուրջ 40 րոպե տեւած առանձնազրույցը:

 

Լրահոս

Դիտել ավելին