Կարևոր իրադարձություններ

Ուսուցչի կողմից կաշառք վերցնելը ոչ միայն էթիկայի, այլև օրենքի խախտում է. ԻՔՄ

12 Հունիս, 2019 23:00
Ուսուցչի կողմից կաշառք վերցնելը ոչ միայն էթիկայի, այլև օրենքի խախտում է. ԻՔՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի վերջին հանրային քննարկման ներկայացրեց «Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմեր) նախագիծը, որը, սակայն, բազմաթիվ հարցեր առաջարկվեց և ներկայում գտնվում է վերամշակման փուլում։

Ընդհանուր առմամբ, «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ հիմնական մտահոգությունները կապված են նրա հետ, որ որոշ կոնկրետ երևույթներ ու հիմնախնդիրներ, որոնք կարգավորվում են այլ օրենքներով, իջեցվում են էթիկայի դաշտ և դիտարկվում էթիկայի նորմերի համատեքստում։

Մասնավորապես, Հանրային քաղաքականության ինստիտուտը նշում է, որ վարքականոնից պետք է դուրս բերել այն հիմնախնդիրներն ու դրույթները, որոնք կարգավորվում են այլ իրավական ակտերով, օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով: Այդպիսին է, օրինակ, կաշառք վերցնելու կամ կաշառք տալու վերաբերյալ կետերը, որոնք, ըստ ԿԳՆ ներկայացրած նախագծի, անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական էթիկայի հետ։

Ինչպես նշում է «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ «Բաց հասարակություններ - Հայաստան» կազմակերպության առաջարկություններում, նախագծում տեղ գտած վարքագծի տարբեր դրսևորումներ հանդիսանում են օրենսդրությա՛ն և ո՛չ թե էթիկայի կամ վարքականոնների խախտում: Նման երևույթների բացահայտման դեպքում խախտումը թույլ տված անձի նկատմամբ պետք է կիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ և նման վարքագծի դրսևորումները անթույլատրելիությունը չպետք է նվազեցվի և դիտարկվի էթիկայի տիրույթում:

Որպես օրինակ է բերվում «Մանկավարժի վարքականոնի» 1․3 կետը, որտեղ, որպես էթիկայի նորմերի սկզբունքներ, սահմանված է «հարգանք երեխայի իրավունքների ու ազատությունների հանդեպ»:

Խնդիրը, սակայն, այն է, որ Հանրակրթության մասին ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանում է, որ մանկավարժական աշխատողը պարտավոր է հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը: Տվյալ կետի կրկնակի սահմանումը որպես էթիկայի նորմ նվազեցնում է տվյալ պահանջի կարևորությունը և հնարավորություն է տալիս նման խախտման բացահայտման դեպքում այն որակել որպես էթիկայի նորմի խախտում` փոխարենը օրինազանց անձի նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելը:

Սրա մեկ այլ օրինակ է բերվում ՀՔԻ-ի՝ «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ։ Մասնավորապես, «Մանկավարժի վարքականոնում» ասվում է, որ «ուսուցիչը չպետք է դիտավորությամբ իջեցնի իր դասավանդման որակը, որպեսզի սովորողին դրդի դասերից դուրս, մասնավոր հիմունքներով իր կամ մեկ այլ ուսուցչի մոտ պարապելու, քանի որ դա անուղղակի կոռուպցիա է և մասնագիտական պարտականությունների կատարման դիտավորյալ թերացում»:

Այնինչ ՀՔԻ-ն 2017-ին «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ պատրաստած «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» զեկույցում առաջարկել էր, որ օրենսդրորեն արգելվի առարկան դասավանդող ուսուցչի կողմից վճարի դիմաց մասնավոր պարապմունքների տրամադրումն իր աշակերտներին և դրա համար նախատեսվեն պատասխանատվության միջոցներ մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրինության նկատմամբ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

Լրահոս

Դիտել ավելին