Կարևոր իրադարձություններ

Եկամտահարկից ուսանողների վարձավճարի փոխհատուցման նախագիծն ԱԺ-ում չընդունվեց

11 Հունիս, 2019 20:40
Եկամտահարկից ուսանողների վարձավճարի փոխհատուցման նախագիծն ԱԺ-ում չընդունվեց

Հունիսի 11-ին տեղի ունեցած ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություների մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող վարձու աշխատողի ուսման համար վճարված գումարի չափով, բայց ոչ ավել, քան համապատասխան տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Նախատեսվում է գումարը վերադարձնել ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ տվյալ ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի շեմը հաղթահարելու դեպքում: Հեղինակների խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ է հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու եւ օգտվելու եկամտային հարկը՝ որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ: Ըստ հիմնական զեկուցողի՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման վերաբերյալ նմանատիպ օրենսդրական կարգավորումներ առկա են մի շարք երկրներում:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից, քանի որ եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում կպակասեն ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները, նաեւ՝ գործող հարկային օրենսդրությամբ կրթության ոլորտի համար արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ: Փոխնախարարը հավելել է, որ ցանկացած հարկային արտոնության առաջացնում է չարաշահումների ռիսկեր:

Հանձնաժողովի նախագահը եւ անդամները ողջունել են նախաձեռնությունը՝ այն համարելով ուսանողակենտրոն: Հաշվի առնելով նախագծի լրամշակված տարբերակում ներկայացված փոփոխությունները՝ նրանք հորդորել են հեղինակներին հետ վերցնել այն՝ վերախմբագրելու նպատակով:

Քվեարկությունից առաջ հեղինակները հարցը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել են:

 

Լրահոս

Դիտել ավելին