Կարևոր իրադարձություններ

Փայլանի կուսակից պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հայերի անվտանգության հարցը

11 Հունիս, 2019 15:57
Փայլանի կուսակից պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հայերի անվտանգության հարցը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում։
Այս մասին լուրը հաղորդում է թուրքական «Հյուրէյէթ» պարբերականը։

 
Աղբյուրը նաև նշում է, որ Քայան այս հարցով հարցում է ուղղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որտեղ մասնավորապես ասվում է.

««Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր հայտարարություններն ու գրավոր սպառնալիքները խորացրել են հայերով ու այլ փոքրամասնություններով բնակեցված որող թաղամասերի բնակիչների մտահոգությունները։ Այդ հարձակումից հետո էլ Սամաթիայում հայերի տների վրա նշաններ են արվում, ու նրանց կյանքը իսկապես վտանգի մեջ է»:

Քայան իրավապահ մարմիններից պահանջել է պարզել հարձակվողների ինքնությունը` հիշեցնելով, որ մինչև այս պահը այդ խնդրի վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվել։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստամբուլի Սամաթիա թաղամասում իր վարձակալած տանը հարձակման է ենթարկվել Արփինե անունով հայաստանցի մի կին: Երկու հոգի ծեծել էին նրա տան դուռը և դանակի հարվածներ հասցրել կնոջը: Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, այժմ ապաքինվում է:

Նշենք, որ Սարգիս և Արփինե Թումանյաններն ունեն երկու մանկահասակ երեխա:

 

Լրահոս

Դիտել ավելին