Կարևոր իրադարձություններ

Վարդենիսի 34-ամյա բնակչին ծեծելու կասկածանքով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

10 Հունիս, 2019 20:25
Վարդենիսի 34-ամյա բնակչին ծեծելու կասկածանքով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 

2019 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:05-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ տղամարդ՝ ծեծված վիճակում՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Նախապատրաստված նյութերով պարզվել է տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Վարդենիսի բնակիչ՝ ծնված 1985 թվականին: 

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 1985թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: 

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Ապարան քաղաքի բնակիչ՝ ծնված 1975թ.,իսկ մյուսը՝ Գավառ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին: Վերջիններս հարցաքննվել են դեպքի շուրջ: Պարզվել է, որ տուժողը մարմնական վնասվածքն ստացել է վերջիններիս հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վարդենիսի՝ 1975 և Գավառի 1983թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ միջադեպին հնարավոր այլ անձանց մասնակցությունն ստուգելու ուղղությամբ: 


 

Լրահոս

Դիտել ավելին