Կարևոր իրադարձություններ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության մոտեցումներն ու առաջարկները

10 Հունիս, 2019 20:14
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության մոտեցումներն ու առաջարկները

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության մոտեցումներն ու առաջարկները

Կառավարությունը նախատեսում է համահարթեցնել եկամտային հարկի գործող եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը և սահմանել եկամտային հարկի միասնական մեկ դրույքաչափ:«
Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող աշխատողների հարկային բեռը էականորեն չի փոխվելու: 
Այս աշխատողների թիվը կազմում է վարձու աշխատողների ընդհանուր թվի շուրջ 65 տոկոսը (370 հազար մարդ), իսկ վարձու աշխատողների շուրջ 25 տոկոսը (142 հազար մարդ) աշխատող աղքատներն են:
Փոխարենը՝ էապես նվազելու են բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:
Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի կրճատումը (շուրջ 41 մլրդ դրամ) նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ, որն անխուսափելիորեն հանգեցնելու է լայն սպառում ունեցող ապրանքների (այդ թվում՝ բենզինի, դիզելային վառելիքի, տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների, ծխախոտի) գների բարձրացմանը: 
Առաջարկվող փոփոխություններով ցածր եկամուտ ունեցողների ուղղակի հարկային բեռը մնում է նույնը, թեթևանում է հարաբերականորեն բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը՝ այսպիսով հարկային բեռը հարաբերականորեն բարձր եկամուտ ունեցողներից տեղափոխվում է հարաբերականորեն ցածր եկամուտ ունեցողների վրա:

Եկամտային հարկի համահարթեցումը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական և շուկայական տնտեսական համակարգ ունենալու պահանջին: Ամբողջովին հակասում է նաև սոցիալական պետության գաղափարախոսությանը և չի բխում միջազգային լավագույն փորձից:
Առաջարկվող փոփոխությունը նույնիսկ չի համապատասխանում գործող կառավարության ծրագրային նպատակադրումներին՝ սոցիալական ներառական զարգացում և ցածր եկամուտ ունեցողների եկամուտների առաջանցիկ աճի դրույթներին:
Այս փոփոխությունները բարեփոխում են միայն բարձր եկամուտ ունեցողների համար և իրենց բնույթով խիստ մտահոգիչ են սոցիալական արդարության տեսանկյունից:

Եկամտային հարկի համահարթեցմամբ փորձ է արվում սահուն կերպով քողարկել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի պահպանումը, որի մաս է կազմում պարտադիր սոցիալական վճարը:
Փաստորեն, բարձր եկամուտներ ունեցողների կողմից պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ առկա բողոքները մեղմելու համար՝ պարտադիր սոցիալական վճարի չափով նվազեցվում է նրանց եկամտային հարկի դրույքաչափը:
Ցածր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկը մնալու է նույնը, իսկ պարտադիր սոցիալական վճարի՝ վերջերս իջեցված 2,5 տոկոս դրույքաչափը նորից բարձրացվելու է 5 տոկոս:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում գործատուների համար չի լինելու որևէ խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար:
Համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատատար ճյուղերում նոր աշխատատեղերի ստեղծումը գործատուների համար կդառնա առավել շահեկան, եթե լիարժեք գործադրվեն եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերը:
Այս դեպքում գործատուի հարկային բեռը համեմատաբար կնվազի, եթե նա բարձր վարձատրությամբ մեկ աշխատատեղի փոխարեն ստեղծի ասենք` երկու և ավելի աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել նաև միջին կամ ցածր որակավորում ունեցող աշխատողները, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդները:

Կառավարության հիմնական ակնկալիքներն են եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներմուծման միջոցով ստվերի կրճատումը, ներդրումների ներգրավումը և բարձր եկամուտների խրախուսումը։ Այս նպատակները բացառապես բարի ցանկությունների ամրագրումներ են, քանի որ նախագծով չեն առաջարկվում վերոնշյալ խնդիրների իրատեսական լուծումներ:
Անընդունելի է իշխանությունների այն փաստարկը, որ բարձր եկամուտ ստացող անձիք խուսափում են հարկեր վճարելուց: Ստվերի դեմ պայքարի համար առկա է միջազգային հաջողված փորձ, որի հիմնական պայմանը համապատասխան վարչարարության կիրառումն է:
Միջազգային փորձով ապացուցված է, որ հարկման համակարգը ներդրումների ներգրավման ուղղակի և առաջնային գործոն չէ: Ըստ Համաշխարհային Բանկի խմբի մաս կազմող Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության կազմած ցանկի՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար առաջնային պայման և հույժ կարևոր են քաղաքական կայունությունն ու անվտանգությունը, իրավական համակարգը, ազգային շուկայի չափերը և այլ հանգամանքներ:
Բարձր եկամուտների ստացումը խրախուսելու ճանապարհին՝ պրոգրեսիվ հարկման համակարգը ոչ միայն խոչընդոտ չէ, այլև հանդիսանում է կարևորագույն կարգավորող գործիք, որը թույլ է տալիս պետությանը կատարել իր սոցիալական պարտավորությունները և արդար բաշխելով բարիքները՝ հնարավորություն ստեղծել յուրաքանչյուրի համար ունենալ արժանապատիվ կյանք: Հարկ ենք համարում հիշեցնել, որ աշխարհում միջինում ամենաբարձր եկամուտ ունեցող երկրներում գործում է հարկման պրոգրեսիվ համակարգ:

Առաջարկներ

Հարկային օրենսգիրքը բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը:
Ըստ այդմ մենք առաջարկում ենք.

սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով,

ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր,

առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից,

առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար,

բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին