Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է, որ կա ապացույցների բավարար համակցություն. ՀՔԾ պետը՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին

10 Հունիս, 2019 14:17
Ակնհայտ է, որ կա ապացույցների բավարար համակցություն. ՀՔԾ պետը՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդգծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար կա ապացույցների բավարար համակցություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սասուն Խաչատրյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն, այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին որպես մեղադրյալ ներգրավել և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դուք գիտեք, որ դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կա՞ խափանման միջոց կալանք կիրառելու պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը և  կա՞ խափանման միջոցի հիմքը, այսինքն՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը:  Դատարանը գտել է, որ առկա է և՛ պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը, և՛ հիմքը: Այսքանից ավել չեմ ցանկանում ոչինչ ասել՝ ելնելով նախաքննության շահերից»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին, կարո՞ղ ենք ասել, որ սա կբերի նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած  մյուս սպանությունների բացահայտմանը ևս, Սասուն Խաչատրյանը պատասխանեց.  «Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի»:

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել Գեղամ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը

 

Լրահոս

Դիտել ավելին