Կարևոր իրադարձություններ

Զանգվածային ձերբակալություններ եւ իրավախախտումներ. Ղազախստանը նախագահ էր ընտրում. ֆոտոշարք

10 Հունիս, 2019 12:19
Զանգվածային ձերբակալություններ եւ իրավախախտումներ. Ղազախստանը նախագահ էր ընտրում. ֆոտոշարք

Ղազախստանի նախագահական ընտրությունների քվեարկության օրն իրավապահները հարյուրավոր մարդկանց են ձերբակալել: Իրավապաշտպանները հայտնում են մարդու իրավունքների մասսայական խախտումների մասին:

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն է, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տանում հունիսի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում:

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրություններում Տոկաևի օգտին քվեարկել է ընտրողների 70-76 տոկոսը, իսկ նախկին լրագրող Ամիրջան Կոսանովը, որը 2005 թվականից ի վեր առաջին ընդդիմադիր թեկնածուն է, ստացել է քվեների ընդամենը 16,02 տոկոսը։

Ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, ընտրությունները Ղազախստանում ստվերվեցին հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով. ընտրությունների օրը «Բոյկոտ» վանկարկող ավելի քան հարյուր մարդ է բերման ենթարկվել Ալմաթիի կենտրոնում, Աստանայի հրապարակի մոտ, երկրի նախագահի ընտրությունների օրը: Ոստիկանությունը, այդ թվում, հատուկ ստորաբաժանումների մարտիկները, բերման ենթարկելիս մարդկանց կոպտորեն հրել են ոստիկական մեքենաները:

Ձերբակալվածների թվում նաև լրագրողներ են եղել: «Ազատտըկի» թղթակից Պետր Տրոցենկոյին, AFP-ի լրագրող Քրիս Ռիկլթոնին, Ղազախստանի Մարդու իրավունքների բյուրոյի աշխատակից Դմիտրի Տիխոնովին բերման են ենթարկել հրապարակից: Որոշ ժամանակ անց նրանց ազատ են արձակել:

Մայրաքաղաք Նուր-Սուլթանում ձերբակալությունները տեղի են ունեցել «Ժասթար» պալատի մոտ, որտեղ մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել: Այստեղ ձերբակալվել է նաև «Ազատտըկի» լրագրող Սանիա Թոյկենը, որը խմբագրության հանձնարարականով ուղիղ հեռարձակում է վարել Facebook-ում: Որոշ ժամանակ անց նա ազատ է արձակվել Եսիլսկի ոստիկանական բաժանմունքից:

Շըկենտում ևս 20 մարդ է ձերբակալվել: «Ազատտըկի» թղթակցի այն հարցին, թե ինչու են մարդկանց ձերբակալում, ոստիկանությունը պատասխանել է. «Ինքնությունը հաստատելու նպատակով»:

Ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել երկրում ձերբակալությունների մասին տեղեկատվությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին