Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Արայիկ Հարությունյանը Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին.«Արցախպրես»

10 Հունիս, 2019 11:43
Արայիկ Հարությունյանը Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին.«Արցախպրես»

Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի, ներքաղաքական և կարևոր այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

–Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ տարբեր գործիչների կողմից վերջին շրջանում ցուցաբերվող աննախադեպ ակտիվության ֆոնին որոշակի լարվածություն է առաջացել, որից անմասն չի մնացել նաև հասարակությունը:

– Բնականաբար, առկա գործընթացները չէին կարող իրենց բացասական ներգործությունը չունենալ, քանի որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, և բոլոր տեսակի զարգացումները որոշակի ազդեցություն են թողնում հանրային տրամադրությունների վրա: Բայց այս պարագայում ցանկանում եմ փարատել առկա մտահոգությունները և հավաստիացնել բոլորին, որ Արցախում ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակը կայուն է, և մեր երկրում առկա քաղաքական որոշակի ակտիվությունը կառավարելի պրոցես է:

– Այսինքն մտահոգվելու առիթ չկա՞…

– Ես հավատում եմ առաջին հերթին մեր ժողովրդի իմաստությանն ու ողջախոհությանը: Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ պետականության ստեղծման համար, և այն կայացնելու գործում բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել: Այսօր մեր բոլորի միտքն ու ուշադրությունը ուղղված է ապագային, ավելի բարեկեցիկ ու մրցունակ երկիր կառուցելու հեռանկարին: Ուստի Արցախը արկածախնդրության վայր չէ, և ոչ ոք իրավունք չունի խանգարելու կամ խոչընդոտելու մեր ժողովրդի հանգիստ և խաղաղ գոյությանը: Մենք դա թույլ չենք տա…

– Պարոն Հարությունյան այս օրերին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Ինչ եք կարծում, անհրաժեշտ են արդյո՞ք այդ փոփոխությունները:

– Կարծում եմ՝ պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը, և օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք:

– Հանրության շրջանում լուրջ անհանգստություններ կան նաև ԱՀ և ՀՀ իշխանությունների փոխգործակցության մասով: Մարդկանց հուզում են Սահակյան-Փաշինյան հարաբերությունները: Կա՞ արդյոք լարվածություն նրանց միջև: Դուք, իհարկե, պաշտոնյա չեք, բայց կիսում ե՞ք այս անհանգստությունը, կամ այս առումով տիրապետում ե՞ք հավաստի տեղեկության: Ի՞նչ է կատարվում…

– Արտառոց ոչինչ չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ունեմ ակտիվ շփումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով այդ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը՝ կարող եմ վստահեցնել, որ որևէ խնդիր չկա: Հակառակը, նախագահ Սահակյանի և վարչապետ Փաշինյանի միջև առկա են շատ անկեղծ, ջերմ և առողջ հարաբերություններ, որոնք լիովին տեղավորվում են մեր բոլորի պատկերացումների և ընկալումների մեջ: Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են, այլապես այս թեման չէր շրջանառվի, և այս հարցում պետք է ավելի խիստ լինել, բայց որ իրական հարաբերություններում դրանք չեն կարող տեղ ունենալ, ես դրանում, միանշանակ, համոզված եմ: Բոլորս իրավունք ունենք անհանգստանալու, որովհետև ցավում ենք մեր պետականության համար և շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը ազգային ու միասնական շահի մասին է: Մենք իրավունք չունենք թույլ տալու ներհայկական թեմաներում պառակտումների հրահրումը, և այդօրինակ բոլոր փորձերը պետք է դատապարտվեն ու արժանանան հանրային լուրջ հակազդեցությունների: Այլ ճանապարհ չկա:

– Պարոն Հարությունյան, այս օրերին, հատկապես մամուլում, շատ է շրջանառվում նաև հնարավոր պատերազմի թեզը: Մասնավորապես, խոսվում է, որ Ադրբեջանը կարող է Արցախի սահմանին կրկին ռազմական ագրեսիա ձեռնարկել: Դուք հնարավոր վտանգ տեսնո՞ւմ եք:

– Հայոց բանակը գիտի իր ռիսկերն ու անելիքները, ուստի անընդունելի է այսօրինակ տեղեկատվական արշավը: Այս մասին բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու և պատրաստ եմ կրկին պնդելու: Մեր ժողովուրդը պատերազմը տեսել, վերապրել և հաղթել է ու եթե պետք լինի, նորից է հաղթելու: Թող դրանում ոչ ոք չկասկածի: Բայց չի կարելի շարունակ շահարկել, որ մենք թշնամի ունենք, որը մեր դեմ շատ ագրեսիվ է տրամադրված: Իսկ նման թեզի հեղինակները գիտակցո՞ւմ են, թե դրանով ինչքան վնաս են հասցնում տնտեսությանը: Պատերազմի վտանգը միշտ կա, դա բոլորս ենք գիտակցում, բայց անընդհատ դրա մասին խոսելը ավելորդ լարվածություն է ստեղծում, որը շատ է խանգարում տնտեսության մեջ իրականացվող ներդրումների և բազմաթիվ այլ ծրագրերի կյանքի կոչմանը: Մեր խնդիրն այսօր մեր երկրի տնտեսության զարգացումն է, որպեսզի բանակը լինի էլ ավելի սպառազինված, որպեսզի մարդիկ աշխատատեղերի, բնակարանների և, առհասարակ, լավ ապրուստի խնդիր չունենան: Հենց Հայաստանի ու Արցախի տնտեսական առաջընթացն է ապահովելու պատերազմի վտանգի չեզոքացումը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին