Կարևոր իրադարձություններ

Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության առաջարկը ՀՀ Նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին

09 Հունիս, 2019 17:43
Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության առաջարկը ՀՀ Նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին

Հայրենակի՛ց,
Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի զարգացման հարցում ճեղքում ապահովող քաղաքականության իր տեսլականը, որը ուղարկվել է ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ Նախագահին, ՀՀ Վարչապետին:

Ահա առաջարկվող ծրագիրը

«Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ ժամանակակից պետություն և հասարակություն տնտեսական քաղաքականության ռազմավարության արմատական փոփոխության պարագայում, որը ենթադրում է, առաջին հերթին, արդյունաբերության վերակառուցում սեփական հումքի, հանրապետությունում առկա գիտական պոտենցիալի և պետականության արդիական վերակազմության պայմաններում: Ասվածի համատեքստում ելակետային կարող է դառնալ Հայաստանին բնության կողմից շռայլորեն տրված ոչ մետաղական հանքաարդյունաբերության գործարկումը արտադրական ավարտուն ու ամբողջական ցիկլով՝ որպես հեղափոխական արդիականացման լոկոմոտիվի՝ քարի անսպառ տեսակներ՝ բազալտ, բարձր որակի պեռլիտ, ցեոլիտներ, տուֆ և այլն: Հանքահումքի առանձին աղբյուր է տասնյակ տարիների ընթացքում կուտակված թափոնների ահռելի պաշարը: Ընդսմին, արդյունաբերության կազմակերպման համար Հայաստանում առկա է նաև բավարար տեխնիկական բազա (օրինակ՝ Քարակերտի քարաձուլարանը, այլ ձեռնարկություններ) և գիտական ու ինժեներական, կառավարչական պոտենցիալ: Համապատասխան շրջադարձի պարագայում արագ կարելի է վերակենդանացնել ԵՊՀ-ի բնագիտական և մաթեմատիկական ֆակուլտետները, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտները և հանրապետության ինժեներական բուհերը: Վերակազմակերպել մանկավարժական կրթությունը, ինչպես նաև ուղղորդել կրթական համակարգն ընդհանրապես, այդ թվում՝ միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուղղությունները: ՀՀ-ն հեռանկարի մեջ վերականգնելով մեքենաշինությունն ու էներգետիկան՝ կարող է դրանց հաղորդել կոնկրետ ուղղվածություն՝ երկրի զարգացմանը միտված մասնագիտացումով:
Այս ամենը ենթադրում է նաև տնտեսական քաղաքականության ճշգրտում օրդոլիբերալ հայեցակարգի շրջանակներում, ինչպես նաև արժեհամակարգի արմատական փոփոխություն: 
Արդյունաբերության առաջարկվող մոդելը արմատապես կբարելավի երկրի էկոլոգիական միջավայրը, կուղղորդի ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը և մասնագիտացված ժամանակակից արդյունաբերության առկայության դեպքում կապահովի հայրենադարձության հնարավոր պայմաները: 
Գտնում ենք, որ երկրում եղած ֆինանսական ռեսուրսները՝ ստեղծվելիք պետական բանկի օժանդակությամբ, բավարար են ռազմավարական տեղաշարժի մեկնարկի համար»:

Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական 
Կուսակցության նախագահ (ՀՔԺԿ) Լևոն Շիրինյան

 

Լրահոս

Դիտել ավելին