Կարևոր իրադարձություններ

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական եռօրյա դատական նստաշրջանը կսկսվի հունիսի 11-ից

08 Հունիս, 2019 19:58
Հրանտ Դինքի սպանության գործով հերթական եռօրյա դատական նստաշրջանը կսկսվի հունիսի 11-ից
«Ակօս»-ի փոխանցմամբ՝ եռօրյա դատական նստաշրջանի ընթացքում որպես վկա հարցաքննվելու են այն ժամանակ Ստամբուլի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Մուամմեր Գյուլերը և Ազգային հետախուզության ծառայության շրջանային աշխատակիցները: Նրանց հարցաքննելու որոշումը կայացվել էր մարտի 14-ին՝ այս գործով վերջին դատական նիստի ժամանակ, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
 
Նախկին նահանգապետից բացի, վկայի կարգավիճակով հարցաքննվելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ 2004 թվականի փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպած Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:
 
Տարիներ շարունակ Դինքի սպանության դատական գործին հետևող «Հրանտի ընկերներ» նախաձեռնողական խումբը հունիսի 11-ին նախատեսված դատական նիստից առաջ հավաքվելու է Ստամբուլի Չաղլայան դատարանի առաջ՝ կրկին բարձրացնելու արդարության պահանջը:
 
2007 թվականի հունվարի 19-ին թուրք ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով սպանված ստամբուլահայ նշանավոր լրագրողի մտերիմները այսօր էլ հայտարարում են, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձի մասին, չեն կանխել այն։ Հանցագործությունից 12 տարի անց նրանց պահանջը նույնն է՝ բացահայտել ու դատապարտել սպանության պատվիրատուներին:
 

Լրահոս

Դիտել ավելին