Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքում պատահած միջադեպը. ո՞ւմ էր դա պետք

08 Հունիս, 2019 08:25
«Ժամանակ». ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքում պատահած միջադեպը. ո՞ւմ էր դա պետք

«Համացանցում տեղեկություն և կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության և ոստիկանների միջև լարված միջադեպից: Ըստ տարածված տեղեկությունների, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ գրվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլիստի, իսկ անցնող վարորդներից մեկը փորձել է նրանցից հետաքրքրվել, թե ինչ է պատահել: Ոստիկանները ասել են, որ նա շարունակի ճանապարհը, սակայն վարորդը շարունակել է հարցնել, թե ինչ է պատահել: Առաջացել է վեճ, որը հանգեցրել է բախման:

Տեղի ունեցածն առայժմ ընդհանուր առմամբ հայտնի է այդ մանրամասներով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական բացատրություն այս պահին գոնե չի ներկայացրել: Սակայն, արդեն կա աղմուկը, և այն որոշակի թափ արդեն հավաքել է և կծավալվի տեղեկատվական տիրույթում, ակնհայտորեն աշխատելով հայ-վրացական հարաբերության դեմ: Եվ դա մի բավական հատկանշական պահի, երբ Հայաստանը ՄԱԿ-ում փաստացի առաջին անգամ դեմ չի քվեարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ վրացական բանաձևին՝ տեղահանված վրացիների վերադարձի մասին: Հայաստանն այդօրինակ բանաձևին միշտ քվեարկել է դեմ: Դա իհարկե ունի երկու պատճառ: Մեկը բնականաբար Ռուսաստանն է, և գուցե գլխավորը:

Բայց, միաժամանակ կա, իհարկե, Արցախի հարցն ու ադրբեջանական մոտեցումը, իբրև թե իրենց տեղահանվածների վերադարձի մասին: Եվ Երևանն այդ իմաստով դեմ քվեարկելով վրացական բանաձևերին, առաջնորդվել է Բաքվի համար նախադեպ չստեղծելու տրամաբանությամբ:

Մյուս կողմից, սակայն, Երևանը մշտապես հանդես է եկել դիրքորոշմամբ, որ Արցախի հակամարտությունը, ինչպես որևէ այլ հակամարտություն, առանձնահատուկ է և դրանք չպետք է որևէ կերպ համեմատվեն կամ նույնացվեն: Ըստ այդմ, Երևանն իր այդ դիրքորոշմամբ կարող է զգալիորեն ազատ լինել այլ հարցերում դիրքավորման համար, քանի որ Արցախի հարցը բացարձակապես տարբեր է աբխազական, օսական, և ընդհանրապես որևէ այլ հակամարտությունից:

Եվ այստեղ գործնականում առավել կարևոր է շեշտադրումը հայ-վրացական հարաբերության վրա, հաշվի առնելով դրա ռազմա-քաղաքական կարևորության, և այդ կարևորության անընդհատ աճի հանգամանքը: Այդ իմաստով, հունիսի 4-ին ՄԱԿ-ում կատարած քվեարկությամբ Հայաստանը կարևոր ժեստ է արել, և ոչ թե Վրաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության տրամաբանության մեջ կարևոր ժեստ:

Միևնույն ժամանակ, այդ ժեստը առաջին հերթին պետք է գնահատի Վրաստանը, ընդ որում իր անվտանգային միջավայրի ամբողջական գնահատման համատեքստում: Որովհետև այդ միջավայրում Հայաստանն ունի առանցքային դեր և նշանակություն, ինչի մասին մենք խոսել ենք բազմաթիվ անգամներ: Հայկական ռեգիոնալ գործոնը, այդ թվում նաև ջավախքահայությունը, Թբիլիսին չպետք է դիտարկի անվտանգային ռիսկ, այլ հակառակը՝ անվտանգային կարևոր բաղադրիչ:

Պարզապես, այստեղ հույժ կարևոր է փոխադարձ վստահության կայուն միջավայրի ձևավորումը, ինչը սակայն չի ստացվում ակնհայտորեն: Որոնք են պատճառները, թե Երևանը, թե Թբիլիսին թերևս պետք է ուսումնասիրեն խորությամբ: Սակայն աներկբա է, որ Հայաստանի աննախադեպ քվեարկությունից հետո Ախալքալաքում տեղի է ունենում և համացանցային տարածում ստանում մի իրադարձություն, որը ամենևին չի բխում թե Հայաստանի, թե Վրաստանի շահից ու անվտանգությունից: Դա հարվա՞ծ է Հայաստանի քվեարկությանը: Որտեղի՞ց է հարվածը, կամ ո՞ւմ ձեռքով կամ մտքով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին