Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:
Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց հունիսի 6-ին՝ մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը: