Կարևոր իրադարձություններ

2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Գագիկ Ծառուկյանին հրավիրել են կառավարություն քննարկման, սակայն հանդիպումը չի կայացել

07 Հունիս, 2019 16:12
2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Գագիկ Ծառուկյանին հրավիրել են կառավարություն քննարկման, սակայն հանդիպումը չի կայացել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ ինքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ որևէ կապ չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գագիկ Ծառուկյանն այդ մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ծառուկյանը մարտի 1-ի հետ ոչ մի կապ չի ունեցել: Ծառուկյանն առաջին օրվանից ասել է, այո, պետք է խումբ ստեղծվի, քննվի, մեղավորները պետք է պատժվեն: Առաջին օրվանից մենք դա ասել ենք: Այսօր գործը քննվում է, ամեն ինչ մանրակրկիտ անում են, կբացահայտվի, բոլորդ էլ կտեսնեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը նաև հայտնեց, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան կառավարությունից զանգել են, իրեն հրավիրել են կառավարության շենք: «Գնացել եմ այնտեղ: Հարց պետք է քննարկվեր, սպասել եմ, երևի, 25 րոպե- կես ժամ, տեսնելով, որ խառնաշփոթ վիճակ է, թողել  գնացել եմ: Ոչ մեկի չեմ տեսել, քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ հանդիպումը չի կայացել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ չգիտի:

2008 թվականին Գագիկ Ծառուկյանը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ղեկավարել է ԲՀԿ խմբակցությունը: Նա պատգամավոր է ընտրվել 2007 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին