Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը

07 Հունիս, 2019 14:24
Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը

ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդունելի չի համարում ԱԺ հանձնաժողովներում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկմանը զուգահեռ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի անցկացումը: Մանե  Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:

«ԱԺ-ում քննարկվում են 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունները: Եվ արտահերթ նիստին զուգահեռաբար ընթանում են այդ քննարկումները: Դրա համար մենք ստիպված եղանք ընդհատել բյուջեի կատարման նախնական  քննարկումները՝ վազելու դահլիճ՝ արտահերթ նիստերին մասնակցելու»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, որ հասկանում է որոշ օրենքների հրատապությունը, այդ թվում նաև Հարկային օրենսգրքի փոփոխության հրատապությունը, սակայն չի ընդունում այն, որ ընդհատվում է ԱԺ խորհրդի կողմից հաստատված ժամկետացանկը, որով նախատեսում էին կարևորագույն քննարկումներ: Թանդիլյանը խնդրեց, որ դա լինի վերջին անգամ, որ նման կարևորագույն օրենքների քննարկումներն անցկացվեն բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ:

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էին 2018թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համար նախնական քննարկումները: ԱԺ արտահերթ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

 

Լրահոս

Դիտել ավելին