Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Յոլյանը հերքում է՝ հրաժարական չի տալու, վարչապետի հետ էլ կոշտ խոսակցություն չի եղել

07 Հունիս, 2019 08:16
«Փաստ». Յոլյանը հերքում է՝ հրաժարական չի տալու, վարչապետի հետ էլ կոշտ խոսակցություն չի եղել

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ օրերս վարչապետը բավականին կոշտ ու խիստ խոսակցություն է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հետ՝ նրան մեղադրելով բացահայտ անգործության մեջ:

Ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանի վրդովմունքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հաշվեքննիչ պալատն իր բուն ֆունկցիայի առումով, այն է՝ չարաշահումների եւ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ, գրեթե ոչինչ չի արել: Խոսակցության հիմնական թեմաներից մեկը եղել է հատկապես «Հյուսիս-հարավը»: Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկայում Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու:

Ինչ վերաբերում է վարչապետի հետ կոշտ զրույցին, ապա պալատից նշեցին հետեւյալը. «Օրերս ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն էր ներկայացնում հենց պարոն Յոլյանը: Լրագրողների՝ իրեն ուղղված հարցերից մեկում նա անդրադարձավ կառավարության եւ հատկապես վարչապետի հետ աշխատանքին:

Նա նշել է, որ պալատի գործունեության հետ կապված տարաբնույթ հարցեր են քննարկվել վարչապետի հետ, եւ վարչապետը տվել է հարցերի դրական պատասխան: Գործադիր իշխանությունը եւ Հաշվեքննիչ պալատն ակտիվ աշխատում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Պարոն Յոլյանն ու վարչապետը կոշտ զրույց երբեք չեն ունեցել: Վարչապետը միշտ կարեւորել է կառույցի նշանակությունը, նրա վերաբերմունքը եղել է կառուցողական եւ դրական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին