Կարևոր իրադարձություններ

Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են

06 Հունիս, 2019 21:28
Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են

«Alevinet» լրատվական կայքը «Մեկ առ մեկ ջնջվում են հայ ժողովրդի հետքերը» վերնագիրը կրող հոդվածում անդրադարձել է Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն (Թաշհորան) հայկական եկեղեցու նկատմամբ թուրքական իշխանությունների բարձիթողի վերաբերմունքին. գրում է ermenihaber-ը: 

Կայքը գրում է, որ «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդավայր Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու` 2012թ.սկսված վերականգնման աշխատանքները կիսատ են թողնվել: 

Նշվում է, որ եկեղեցին անցել է Մալաթիայի քաղաքապետարանի, Հիմնադրամների գլխավոր վարչության և Անշարժ գույքի ազգային գլխավոր վարչության վերահսկողության տակ: 5 տարի առաջ պատմական շենքին հենել են մետաղական շինարարական սանդուղքներ և կիսատ թողել աշխատանքները:

Հայկական եկեղեցու վերաբերյալ արձանագրությունները ժամանակի ընթացքում ջնջվել են և այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե երբ և ում կողմից է այն կառուցվել:

Տարիներ առաջ փլվել է անտարբերության մատնված հայկական եկեղեցու գմբեթը, իսկ եկեղեցին հայտնվել էր գանձագողերի թիրախում և թալանվել:

Եկեղեցու վերականգնման շուրջ լուրերը ուրախացրել էին հայությանը և թաղամասի բնակիչներին: Թաղամասի բնակիչների փոխանցմամբ` Սբ . Երրորդություն եկեղեցու վերականգմամբ զբաղվող կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները չֆինանսավորվելու պատճառով:

Անդրադառնալով մալաթիահայությանը, ասվում է, որ 1970-ական թթ. Մալաթիայում բազմաթիվ հայեր էին ապրում, սակայն այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հարձակումների և 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո վերջին հայ ընտանիքները ստիպված են լինում լքել քաղաքը: 

 

Լրահոս

Դիտել ավելին