Կարևոր իրադարձություններ

Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է. Զոհրաբ Մնացականյան

06 Հունիս, 2019 16:14
Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է. Զոհրաբ Մնացականյան

«Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելը սկզբունքային հարց է: Հայաստանի և Արցախի իշխանությունների համագործակցությունը ևս եղել և մնում է սկզբունքային ու արդյունավետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ: Յուրաքանչյուր բանակցություններից առաջ կամ հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ: Ես անձամբ շատ սերտ համագործակցության մեջ եմ իմ գործընկերոջ` Մասիս Մայիլյանի հետ, նաև` նախագահ Բակո Սահակյանի: Նույնը վերաբերում է նաև վարչապետ Փաշինյանին: Միասին սերտորեն աշխատելու հստակ ձևաչափ ունենք, որն արտահայտում է այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից և վերաբերում է Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին: Արցախի մասնակցության հարցը բարդ, բայց սկզբունքային, կարևոր է: Հարցը վերաբերում է Արցախին, որը սուբյեկտ է, և առանց Արցախի որոշիչ ձայնի` մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենա: Մեր համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ եղել և մնում է շատ սկզբունքային ու արդյունավետ»,-հայտնեց նախարարը:

Հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն Արցախը բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու հարցում, արդյո՞ք առաջիկայում դա հնարավոր է, նա պատասխանեց, որ համանախագահներն ընդունում են այն, ինչ ընդունելի կլինի կողմերի համար: «Այդ առումով համանախագահների հետ բանավեճ չունենք, բանավեճն այս հարցում Ադրբեջանի հետ է»,- նշեց նախարարը:

Հարցին, թե արդյո՞ք բանակցային գործընթացում եղել են նրբություններ, որոնց մասին Արցախը տեղյակ չի եղել, Մնացականյանը պատասխանեց, որ աշխատում են Արցախի իշխանությունների հետ: «Մենք ունենք մեր հարցերը, մեր մոտեցումները: Արցախն ունի իր դիրքորոշումները, իր մոտեցումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի, Բակո Սահակյանի կողմից: Այդ ամենը մենք քննարկում ենք, տեսնում ենք, թե ինչն է հնարավոր, ինչը` ոչ: Բանակցային ձևաչափ է նաև աշխատանքը Արցախի մեր գործընկերների հետ»,- եզրափակեց Մնացականյանը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին