Կարևոր իրադարձություններ

Սևանից այս տարի ևս բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր

06 Հունիս, 2019 13:07
Սևանից այս տարի ևս բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր

Ոռոգման նպատակով Սևանից այս տարի ևս բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով:

Սևանա լճից լրացուցիչ ջրառի նպատակը ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելն է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հաղորդմամբ՝ այս ջրով ոռոգվելու է Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազ. հա հողատարածք:

Նախարարը նշեց, որ թեև ձյունասակավ տարի էր, գարնանային տեղումների արդյունքում ջրամբարները բավականին լցվել են: Սակայն ոռոգման համակարգը այնպիսին է, որ այդ մարզերի որոշ հատվածների հողամասեր ոռոգելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջրառ, քանի դեռ նոր ջրամբարներ չեն կառուցվել:

Վարչապետը հայտնեց, որ պետք է այնպես անեն, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողելու անհրաժեշտություն չլինի, իսկ եթե այն խնդիր առաջացնի, պետք է ջրախնայողության միջոցառումներ իրականացվեն:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ առաջարկել են Սևանից բաց թողնվող ջրի քանակ սահմանել 140 մլն խմ, քանի որ ջրամբարների լցվածությունը 60 մլն խմ-ով ավելի է եղել: Սակայն մերժվել է իրենց այս առաջարկը: Նախարարը հայտնեց, որ ջրամբարների լցվելու գործընթացը դադարել է, նաև ջրի պակասման միտում է նկատվում՝ գոլորշիացմամբ պայմանավորված: Այդ պատճառով առաջարկեց ավելի արագ օգտագործել այն ջրամբարների ջուրը, որոնց գոլորշիացումը արագ է կատարում, հետո անցնել Սևանի ջրի օգտագործմանը:

Վարչապետն առաջարկեց հակագոլորշիացման մեթոդների կիրառման մասին մտածել, քանի որ յուրաքանչյուր խորանարդ մետրը կարևոր է իրենց համար:  

 

Լրահոս

Դիտել ավելին