Կարևոր իրադարձություններ

Գումարվել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը

06 Հունիս, 2019 12:56
Գումարվել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը

Սանկտ Պետերբուրգում գումարվել է միջազգային տնտեսական համաժողովը: Համաժողովում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիմումը:

Սանկտ Պետերբուրգում բացվել է 23-րդ միջազգային տնտեսական խորհրդաժողովը, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինպինը եւ մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Եռօրյա համաժողովի ընթացքում Պուտինը հանդիպելու է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վաղվա լիագումար նիստին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ռուսական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Սանկտ Պետերբուրգի համաժողովին չեն մասնակցում Միացյալ Նահանգների պաշտոնյաները և ամերիկյան խոշոր ընկերությունների պատվիրակները: Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանտսմանը և ամերիկացի պաշտոնյաները բոյկոտում են համաժողովն, այդպես բողոք հայտնելով ամերիկացի ներդրող Մայքլ Կալվիին այս տարվա փետրվարին Մոսկվայում ձերբակալելու Ռուսաստանի իրավապահների որոշման դեմ:

Անցյալ տարվա համաժողովին ներկա էր 17 հազար մասնակից: Այս տարվա համաժողովը գումարվում է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում:

«Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական առաջին համաժողովը տեղի է ունեցել 1997 թվականին: 2006 թվականից այդ խոշոր հավաքի կազմակերպումը ստանձնել է Ռուսաստանի նախագահի վարչակազմը:

 

Լրահոս

Դիտել ավելին