Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Բակո Սահակյանի «չոր» պատասխանը Փաշինյանին․ ո՞ւմ է պետք հակադրության խորացումը

06 Հունիս, 2019 08:33
«Ժամանակ». Բակո Սահակյանի «չոր» պատասխանը Փաշինյանին․ ո՞ւմ է պետք հակադրության խորացումը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դավադիր ուժեր կան, որոնք երկու պետությունների միջև փորձում են սեպ խրել, ասել է՝ ինքը և՛ ԼՂՀ, և՛ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել և ներկայացրել ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը. «Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեք. հանդիպել եմ և՛ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության, և՛ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հետաքրքրվել եմ՝ իմ ներկայացրած առաջարկների հետ կապված առարկություններ կա՞ն:

Համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն: Պարզվել է՝ բոլորը համաձայն են: Եվ երբ դրանից հետո էդ սեղանի շուրջ եղած մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ՝ ոնց եմ պատկերացնում՝ ինչ քայլերով պետք ա գնանք առաջ: Եթե էս մարդը սենյակից դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա «Ֆեյսբուքում» գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա: Ինքը գիտի 100 տոկոսով՝ ինչ ա կատարվում»:

Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի բացահայտում է արել՝ ասելով, որ Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերն ինքն է փոխանցել ԼՂ իշխանություններին։ «Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ են բանակցել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, իրենք տեղյակ չեն եղել, բայց դրանից հետո իրենք գնում են, նույնիսկ անձամբ գրում են՝ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը»,- ասել է Փաշինյանը։

Թեևս սա էր Փաշինյանի ասելիքի հիմնական մեխը, նա, ըստ էության, բացահայտել է «դավադրության» հիմնական մեխը։ Ստացվում է՝ Հայաստանի գործող վարչապետն ավելի անկեղծ է Ստեփանակերտի հետ, բայց վերջինս համերաշխվում է նախկին համակարգի ներկայացուցիչների հետ, ինչի մեջ Հայաստանի վարչապետը դավադրության բաղադրիչ է տեսնում։

Ինչո՞ւ Փաշինյանն այս պահին արեց այդ բացահայտումը, արդյո՞ք պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները հասել են չհասկացվածության, նույնիսկ հակադրության այնպիսի մակարդակի, որ այլևս կնճիռները հնարավոր չէ հաղթահարել երկխոսության հարթակում կամ աշխատանքային կարգով։ Մյուս կողմից դժվար է ասել՝ այս բացահայտումով ո՞ւմ էր թիրախավորում Փաշինյանը՝ քրեաօլիգարխիայի՞ն՝ Սերժ Սարգսյանի դեմքով, թե՞ Արցախի այսօրվա իշխանություններին։

Ամեն դեպքում՝ Փաշինյանին հակադարձողը եղել է հենց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Վերջինս բավականին օպերատիվ է արձագանքել Նիկոլ Փաշինյանին՝ նրա ճեպազրույցից մի քանի ժամ անց հարցազրույց տալով «Արցախպրեսին»։

Կարճ հարցազրույցում Սահակյանը, մեծ հաշվով, հակադարձել է Փաշինյանին, մասնավորապես՝ հասկացնելով, որ Արցախի իշխանությունը «պարտք» չէ Փաշինյանին։ «Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ, մեր հերթին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»,- ասել է Սահակյանը:

Արցախի նախագահի ասածի տողատակը նույնպես ակնհայտ է՝ նա ակնարկում է, որ Հայաստանի նախկին նախագահն իրեն ավելի է վստահել, քան Սահակյանին՝ տրամադրելով փաստաթղթեր, որոնք հասու չեն Փաշինյանին։

Սակայն Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանին հակադրվել է ավելի գլոբալ հարթության վրա։ «Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Եթե դիվանագիտական այս ձևակերպումները փոխակերպենք հանրամատչելի լեզվի, ապա Արցախի նախագահն ակնարկում է, որ Փաշինյանը «մութ սենյակում սև կատու է փնտրում»։

Մի հարցում Արցախի նախագահի հետ չհամաձայնել հնարավոր չէ՝ երկու հայկական պետությունների հարաբերությունները չի կարելի կառուցել դավադրական տեսությունների հենքով։ Ի վերջո, դա կարող է բերել լուրջ ճգնաժամի։ Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է հաշվի նստել Ստեփանակերտի հետ՝ Արցախում չփնտրելով «յուրայինների» ու «օտարների»։ Մյուս կողմից՝ եթե Բակո Սահակյանը չի ուզում, որ Արցախը «խուրդվի» Հայաստանի ներքաղաքական օրակարգում, ապա պետք է ձեռնպահ մնա այդպիսի քայլերից, որոնք նրա իշխանությունը դարձնում են երևանյան քաղաքական հակադրության կողմ։

Իսկ առհասարակ՝ տխուր է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները սկսել են շփվել ու միմյանց հակադարձել լրագրողների միջոցով, ինչը բնավ էլ չի խոսում երկու իշխանությունների պետական մտածողության մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին