Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Անհասցե մեղադրանքներ. ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի խոսքը

06 Հունիս, 2019 08:19
«Ժողովուրդ». Անհասցե մեղադրանքներ. ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի խոսքը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ է արձագանքել ՀՅԴ-ականների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնությանը, դրանից հետո ՀՅԴ-ականների «Ես եմ ծեծել» ակցիային: Փաշինյանը նշել է. «Բանա­ձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել: Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք»: ՀՀ վարչապետը նաև ընդգծել է. «Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի: Եվ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»: Սակայն ՀՅԴ-ականները պնդում են, որ այդ խոսքերն իրենց չէին ուղղված: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե վարչապետի հայտարարություններում ՀՅԴ-ին ուղղված որևէ խոսք չի տեսել, այլ դրանք միայն անհասցե մեղադրանքներ են: «Եթե Դաշնակցությանն է ուղղված, թող կոնկրետ ասեն, մենք էլ կխոսենք: 25 տարի առաջ ՀՅԴ-ն բանտերում էր, 30 տարի առաջ էլ Արցախի սահմաններն էր պաշտպանում»,- «Ժո­ղովուրդ» օրաթերթին ասաց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը այս տարվա հունվարին ՀՅԴ ընդհանուր ժողովին իր ուղերձում իշխող մեծամաս­նության անունից այդ կուսակցության հետ համագործակցության պատրաստակամություն էր հայտնել: Բայց այդ կոչը կար­ծես մերժվեց, ու ավելին՝ հիմա նրանց հարաբերությունները գնալով սրվում են: Պատահական չէ, որ ՀՅԴ-ականները պարբե­րաբար քննադատում են իշխանություններին, ընդ որում բավական կոշտ՝ չմոռանալով տողատակերում նաև որոշակի սպառնալիքներ հնչեցնել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

   
 

Լրահոս

Դիտել ավելին