Կարևոր իրադարձություններ

ConiFA-2019-ի մասնակիցների համար կազմակերպվել է էքսկուրսիա. նրանք տպավորված են Արցախով (լուսանկարներ)

05 Հունիս, 2019 22:20
ConiFA-2019-ի մասնակիցների համար կազմակերպվել է էքսկուրսիա. նրանք տպավորված են Արցախով (լուսանկարներ)

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառման  մասնակիցներն  այցելել  են   Շուշիի կերպարվեստի  և  հայկական դրամի    թանգարան, այնուհետև   եղել  են  Կատարոտում  (Ջդրդուզ), որից  հետո  բերդաքաղաքի    թթենիների  այգում  հյուրերի  համար  կազմակերպվել  է   ավանդական հյուրասիրություն:

Ներկաներին  ոգևորել  են  «Տնջրե» ավանդական  երգի  ու  պարի  համույթի   անդամները, որոնց  միացել  են  նաև  հյուրերը:

Ներկաներին    ողջունել  է  ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի Մարտիրոսյանը: Նա  ասել  է, որ  ԱՀ  կառավարության ներկայացուցիչները   կարևորում  են  ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության անցկացումն Արցախում, որին  էլ   ըստ  արժանվույն են  պատրաստվել:
Խոսելով   ֆուտբոլային  խաղերի  մասին՝  պետնախարարն  ասել է, որ Արցախի   ֆուտբոլասերներն  այս  օրերին  ունեցել  են  անմոռանալի  հիշողություններ, որն  էլ  առաջին  հերթին  իրականացվել է  ֆուտբոլիստների  ցուցադրած  գեղեցիկ ու  հետաքրքիր   խաղերի  շնորհիվ:
Դիմելով   հյուրերին՝  Գ. Մարտիրոսյանը  մասնավորապես  ասել է. «Ուզում  եմ  հավաստիացնել, որ  այս օրերի  ընթացքում    դուք   հասցրել  եք   ծանոթանալ   Արցախի դարավոր  պատմության, մշակույթին և  հրաշալի  բնության    ընդամենը  մի  փոքր  մասին, հետևաբար,  մենք   Ձեզ  նորից   կսպասենք  Արցախում»:
Միջոցառմանը  ներկա   էին  նաև ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, պետական  այրեր, հյուրեր, լրագրողներ:  
 

Լրահոս

Դիտել ավելին