Կարևոր իրադարձություններ

Ա. Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

05 Հունիս, 2019 22:10
Ա. Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը:

Այս ձեւաչափը վերջին մի քանի տարիների ընթացքում Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրված յուրօրինակ հարթակ է Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:

Լեհաստանի Սեյմի եւ Սենատի ղեկավարներ Մարեկ Կուխչինսկու եւ Ստանիսլավ Կարչեւսկու համատեղ հրավերով գագաթնաժողովին էին հրավիրված տարածաշրջանի խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ եւ հեղինակավոր գիտնականներ՝ քննարկելու համընդհանուր պատմության հարցերն ու ժամանակակից մարտահրավերները:

Խոսելով Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ընդհանրական պատմության դեպքերի, համընդհանուր մարտահրավերների եւ մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման օրինակի մասին, իր ելույթում Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերներին. «Ժամանակն է նայել եւ տեսնել իրական պատկերը, ժամանակն է դադարեցնել իրեն չարդարացրած, անարդյունավետ գործելակերպը, եւ մեր թանկ ժամանակն ու ջանքերը նոր հակամարտություններ, նոր արգելապատնեշներ եւ բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն, իրապես պահն է, հարգելի' գործընկերներ, համախմբվելու եւ ուղղելու բոլորիս ջանքերը մեր համընդհանուր մարտահրավերները դիմակայելուն՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու ապահովելով խաղաղությունը, խթանելով կրթությունն ու բարելավելով մարդկանց կենսապայմանները»:

Գագաթնաժողովի խոսնակներն անդրադարձել են նաեւ գլոբալացման, ազգային ինքնության եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ապագայի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին