Կարևոր իրադարձություններ

Վահե Գրիգորյանին հրավիրում են «Իմ քայլը» խմբակցություն. պատգամավորը վստահ է՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցն էլ է տրվելու. Factor.am

05 Հունիս, 2019 21:26
Վահե Գրիգորյանին հրավիրում են «Իմ քայլը» խմբակցություն. պատգամավորը վստահ է՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցն էլ է տրվելու. Factor.am

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է փակ հանդիպում ունենալ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ: Factor.am-ի տեղեկություններով հանդիպումը նախատեսված է հունիսի 13-ին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ պատրաստ է ՍԴ դատավորի թեկնածուին այնպիսի հարցեր տալ, որոնք մարդկանց թվում է, թե իրենք չպետք է տան: «Այդ հարցերը ես նրան կուղղեմ նաեւ լիագումար նիստի շրջանակներում: Որեւէ խնդիր չեմ տեսնում մեր հարցերն ուղղելու համար»: Պատգամավորն ասաց, որ փորձելու է հասկանալ, թե ՍԴ դատավորի թեկնածուն որոշակի հարցերի շուրջ ինչպիսի դիրքորոշում ունի: Տաթեւիկ Հայրապետյանը չցանկացավ իր հետաքրքրությունների շրջանակը բացահայտել:

Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Վահե Գրիգորյանը կրկին ՍԴ դատավորի թեկնածու էր, Factor.am-ի հետ զրույցում վերահաստատել էր իր այն կարծիքը, որ Արմեն Սարգսյանին համարում է ոչ լեգիտիմ նախագահ: Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այն երեւույթին, երբ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվում մի անձ, որը երկրի նախագահին լեգիտիմ չի համարում:

«Ես վստահ եմ, որ նմանատիպ հարցեր կհնչեն հենց բաց քննարկման ժամանակ: Կարծում եմ՝ բնական պրոցես է նաեւ, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվում է, հարցեր կհնչեն, ըստ այդմ հետագա ընթացքը կերեւա»:

Այս օրերին ակտիվ քննարկվում է այն, որ 2018թ․ սեպտեմբերին հրապարակված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսման մեջ շրջանառվում է նաեւ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի անունը: Մասնավորապես, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն Արթուր Վանեցյանին ասում է. «Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընկե՛ր, ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի, ախպեր ջան: Պրոստո իմ ելույթ ունենալը ճիշտ չի, էլի»: Հիշեցնենք, որ այս խոսակցության առանցքում Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցն էր: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք, թե այս հանգամանքը չի նպաստի, որ թեկնածուն ընկալվի որպես օրվա իշխանության շահերն առաջ տանող սահմանադրագետ: «Դուք կարող եք դուրս գալ փողոց եւ մարդկանց հարցնել, թե ինչ կարծիք ունեն Վահե Գրիգորյանի մասին: Նա բավականին ճանաչված է: Ես վստահ եմ, որ խոսքը ոչ թե մեր թիմի ընկալումների մասին է, այլ ընդհանուր հանրային ընկալումների»,- ասաց պատգամավորը: 
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին