Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզպետին աշխատանքից ազատելու լուրերի մասին մանրամասներ

05 Հունիս, 2019 13:07
Արմավիրի մարզպետին աշխատանքից ազատելու լուրերի մասին մանրամասներ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը այս պահին պաշտոնական արձակուրդում է: Ըստ մարզպետի մերձավոր շրջապատի՝ նա արձակուրդից չի վերադառնա մարզպետարան, քանի որ կլինի այն մարզպետների շարքում, որոնք նշանակվելու են այլ աշխատանքի, որը անհամեմատ ավելի պակաս պատասխանատվություն է ենթադրում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խոստովանել, որ իր կադրային քաղաքականությունը ձախողվել է, ուստի ձախողված կադրերին ոչ թե հեռացնում է իշխանությունից, այլ ինչ-որ անշառ գործ է տալիս»,- գրել էր «Ժամանակ» թերթը:

Shabat.am-ի հետ զրույցում մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանն ասաց.

«Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին աշխատանքից ազատելու մասին կառավարությունը մեզ ոչինչ չի ասել, մեր տվյալներով նման բան չկա: Մարզպետը վերադառնալու է իր աշխատանքին, նա իր հասանելիք արձակուրդից վերցրել է 10 օր, իսկ գնալուց առաջ՝ վերջին քննարկման ժամանակ, հանձնարարականներ է տվել, որպեսզի հետ գալուց հետո միանգամից անցնենք աշխատանքի և լծվենք  «Իմ քայլը Արմավիր»-ի և այլ գործերին»:

Մենք կապ հաստատեցինք նաև վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որպեսզի հասկանանք՝ արդյոք վարչապետը նման որոշում կայացրել է: Կարապետյանն ասաց. «Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, վարչապետը նման որոշում չի կայացրել»:

 

Լրահոս

Դիտել ավելին