Կարևոր իրադարձություններ

Վանաձորի այգիների ու պուրակների բարեկարգման համար այս տարի կտրամադրվի 140 մլն դրամ. Factor.am

04 Հունիս, 2019 22:32
Վանաձորի այգիների ու պուրակների բարեկարգման համար այս տարի կտրամադրվի 140 մլն դրամ. Factor.am

Վանաձորի 4 այգիներից ներկայում քիչ թե շատ բարեկարգ են Հրանտ Մաթևոսյանի և Ռուբեն Սևակի անունը կրող զբոսայգիները: Երկուսն էլ տրված են վարձակալությամբ: Ինչպես հայտնում է factor.am-ը՝ ի տարբերություն այս այգիների՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգին վարձակալ չունի, նախկին վարձակալի հետ քաղաքապետարանը  դատական գործընթացների մեջ է, իսկ Շառլ Ազնավուրի անվան այգին շարունակում է համարվել ամենաանմխիթար և անբարեկարգ պայմաններն ունեցող զբոսայգին: Այս տարածքը նույնպես վարձակալ չունի, այն ամբողջությամբ գտնվում է համայնքի ենթակայության ներքո: 

Այգիների վիճակից Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը գոհ չէ, սակայն վստահ է, որ սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ առաջիկայում Վանաձորը նույնպես կունենա բարեկարգ պուրակներ ու այգիներ. «Այս պահին անբավարար է մեր այգիների վիճակը: Բայց տարեվերջին՝ սուբվենցիաների ավարտից հետո, հուսով եմ՝ պատկերի բավականին փոփոխություն կունենանք, որովհետև լայնամասշտաբ աշխատանքներ են նախատեսվում»: Այգիների ու պուրակների բարեկարգումը ներառված է այս տարվա սուբվենցիոն ծրագրում: Աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 140 մլն դրամ: Աբովյանի խոսքով՝ սա անկախությունից հետո առաջին դեպքն է, երբ այգիների բարեկարգման համար այսքան գումար է ներդրվում: 

«Այդ ծրագրի մեջ ներառված է Ռուբեն Սևակի անվան այգին, որտեղ նախատեսվում է բավականին լայնածավալ բարեկարգում: Ծրագրում ընդգրկված են նաև Արցախ պուրակը, Հարապետության պուրակը և Պատկերասրահի դիմացի փոքր պուրակը: Բացի այդ՝ փոքր մրցույթ ունենք հայտարարած՝ Շառլ Ազնավուրի անվան այգու հետ կապված: Թեև լրատվամիջոցներով  նաև ավագանու անդամներն անհանգստություն հայտնեցին, որ այդտեղ պետք է շենք կառուցվի և այլն, ես պաշտոնապես ասում եմ՝ այդտեղ ոչ մի շենք չի կառուցվելու: Այդտեղ միայն բարեկարգում է նախատեսվում՝ ճեմուղիներ, ծաղկանոց, նստարաններ, խաղահրապարակ: Նախագծերը պատրաստ են, հիմա սպասում ենք սուբվենցիաների երկրորդ փուլի պատասխանն էլ գա, որ միանգամից մրցույթները հայտարարենք»,- ասաց նա: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:



 

Լրահոս

Դիտել ավելին