Կարևոր իրադարձություններ

Ուզում եմ սիրել այն կնոջը, ում սիրում եմ. Վլադիմիր Պոզներ

04 Հունիս, 2019 21:09
Ուզում եմ սիրել այն կնոջը, ում սիրում եմ. Վլադիմիր Պոզներ

Օրեր առաջ ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները Հայաստանում էր: Հանրայինի եթերով հեռարձակվող հաղորդման ընթացքում Պոզները խոսել է իր կյանքի և մասնագիտության մասին: 
Պոզները նշում է, որ ինքը ծնվել է Փարիզում, իսկ մեծացել՝ Նյու Յորքում.«Ես սովոր եմ եղել, որ տանը միշտ տարաձայնություններ են եղել մորս՝ փարիզուհու և հորս միջև, ով ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ով պնդում էր, որ այն ավելի գեղեցիկ քաղաք է, քան Փարիզը: Ես առաջին անգամ Երևան եկել եմ 1965 թվականին և հիմա կարող եմ համեմատել Երևանը: Այն հիմա լրիվ այլ քաղաք է՝ ժամանակակից, կենդանի, շնչող…Մարդիկ շատ են փողոցներում, նույնիսկ ժամը 1-2-ին, չեն թողնում, որ քնենք: Կարճ ասած ես Երևանը շատ եմ հավանում, այս քաղաքը բնավորություն ունի»: 
Լրագրող դառնալու համար, Պոզները խորհուրդ է տալիս դպրոցն ավարտելուց հետո անմիջապես չընդունվել համալսարան.«Քանի որ այդ ժամանակ մարդը չի հասկանում, թե ինչ է լրագրությունը: Մարդը չունի կյանքի փորձ, և դրա համար ես խորհուրդ կտայի, որ մարդը դիմեր մեկ այլ բաժին: Լրագրությանը հասնում են ավելի ուշ, այն բանից հետո, երբ աշխատել են, շատ բան են տեսել, ապրել ու հասկացել են, թե ինչ է լրագրությունը և ինչու է մարդն ուզում դրանով զբաղվել»:
Պոզները զրույցի ընթացքում անդրադառնում է նաև համացանցային լրագրությանը.«Համացանցն ընդհանրապես լրագրություն չէ: Որովհետև համացանցում գրող մարդիկ ոչ մի բանի համար պատասխանատու չեն: Կարող են ասել ինչ ուզում են՝ առանց փաստերը ստուգելու: Դրա համար էլ ես միշտ ասում եմ, որ լրագրության վիճակն այժմ անմխիթար է և երիտասարդներին խորհուրդ եմ տալիս չմտնել այդ ոլորտ»: Այն հարցին, թե օնլայն հարթակում դիտումների և լայքերի քանակը համարո՞ւմ է իր հաղորդման հաջողության օբյեկտիվ ցուցանիշ, Պոզները պատասխանեց.«Բացարձակ չեմ համարում: Մարդկանց թիվը, ովքեր դիտել են Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերը զգալիորեն զիջում է այն մարդկանց թվին, որոնք դիտել են ինչ-որ բլոքբաստերներ: Միևնույն է Ֆելինիի ազդեցությունն ավելի մեծ է, քան այդ բլոքբաստերներինը»: Վլադիմիր Պոզները նշեց, որ չի հետևում համացանցին.«Եվ ստուգել, թե քանի դիսլայք կամ լայք կա, ինձ դա բացարձակ չի հետաքրքրում»: 
Ներկաներից մեկի այն հարցին, թե ինչի՞ հետ Վլադիմիր Պոզները կփոխեր իր ունեցածը՝ լրագրությունը, գրած գրքերը…. լրագրողը պատասխանեց.«Եթե ասել՝ այո, ապա ինչպես ինձ է թվում, դա կլինի եսասիրություն: Փոխել ամեն ինչ, միայն նրա համար, որպեսզի գրեմ Պուշկինի պես, ինձ համար դա տարօրինակ է: Ես ուզում եմ ապրել իմ կյանքն այնպես, ինչպես կարողանում եմ: Ուզում եմ սիրել այն կնոջը, ում սիրում եմ: Ուզում եմ ունենալ այն երեխաներին, թոռներին ու ծոռներին, որոնց ունեմ: Ես ուզում եմ ունենալ իմ ընկերները և այս ամենը ես ոչնչի հետ չեմ փոխի»:

Առավել մանրամասն՝ Առաջին ալիքի  տեսանյութում:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին