Կարևոր իրադարձություններ

Արամ Հարությունյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել

04 Հունիս, 2019 17:20
Արամ Հարությունյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Դատավորը կասկածներ է ունեցել, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար: Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ, խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է: Նա և՛ Քոչարյանի, և՛ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 


 

Լրահոս

Դիտել ավելին