Կարևոր իրադարձություններ

«Թուրք ինստրուկտորները ադրբեջանցի գործընկերների հետ անցկացնում են մարտ վարելու դասընթացներ». ռազմագետի տեղեկությունները մեկնաբանում է ՊՆ փոխնախարարը. factor.am

04 Հունիս, 2019 15:58
«Թուրք ինստրուկտորները ադրբեջանցի գործընկերների հետ անցկացնում են մարտ վարելու դասընթացներ». ռազմագետի տեղեկությունները մեկնաբանում է ՊՆ փոխնախարարը. factor.am

Նախիջևանի հատվածում երեկվանից թուրքական հրետանի ու տանկային բատալյոն է կուտակված: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը: 

«Երեկ տանկային բատալյոնն է անցել, կարծում եմ, որ գիշերն էլ հրետանին, քանի որ առավոտյան արդեն անցել են մարտավարական պարապմունքների: Թուրք ինստրուկտորները ադրբեջանցի գործընկերների հետ անցկացնում են մարտ վարելու դասընթացներ հավանական այն վայրից, որտեղից որ հնարավոր է՝ մարտ վարվի: 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ նմանատիպ մարտավարական դասընթացներ էլ Թարթառի կողմում էին անցկացրել: Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական տարատեսակ պայմանագրեր ունեն, ու իրենք հենց այդ պայմանագրերի հիման վրա են միմյանց տարածք զորք մտցնում»,- ասաց նա: 

Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից: «Մտահոգվելու կարիք չունենք, որովհետև այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի զինված ուժերի աչալուրջ ուշադրության ներքո»,- վստահեցրեց փոխնախարարը: Պարոն Բալայանի ուշադրությունը հրավիրեցինք ռազմագետի այն հայտարարության վրա, որ մարտական դասընթացներն անցկացվում են այն վայրից, որտեղից որ հնարավոր է մարտ սկսվի, ինչին փոխնախարարն արձագանքեց․ «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, որ հայկական կողմն է անցկացնում զորավարժություն, որոշակի սցենարով է անցկացնում… ցանկացած կողմ պետք է իր զորավարժությունը կառուցի իրեն հարմար ձևով, իր տարածքում, դա խնդիր չէ: Պատերազմի վտանգը միշտ առկա է, ես կրկնում եմ, որ այդ ամեն ինչը տեղի է ունենում հայկական ստորաբաժանումների ուշադրության ներքո: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի համապատասխան գործողություններ իրականացնել»: 

Հարցին՝ հայկական կողմը տեղեկություններ ունի՞, որ ադրբեջանական զորքին է միացել նաև թուքական զորքը, ինչպես պնդում է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Այն տեղեկությունները, որոնց ես տիրապետում եմ, հրապարակման ենթակա չեն: Ես չեմ կարող ասել այն հետազոտական տվյալները, որոնք մենք ունենք: Տարբերություն չկա, թե զորավարժությունը որ երկիրն է անում, քանի հոգով է անում: Սա հասարակությանը մտահոգվելու առիթ չպետք է տա»: 


 

Լրահոս

Դիտել ավելին