Կարևոր իրադարձություններ

Մինչ աշխատավարձի հարցի պարզաբանումը «Սասստեքս»-ի շատ աշխատակիցներ կշարունակեն աշխատել նույն պայմաններում

02 Հունիս, 2019 18:18
Մինչ աշխատավարձի հարցի պարզաբանումը «Սասստեքս»-ի շատ աշխատակիցներ կշարունակեն աշխատել նույն պայմաններում

Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատավորուհիները շարունակում են բարձրաձայնել իրենց բողոքը՝ ձեռնարկության ղեկավարության կողմից վարձատրության չափն ու պայմանագրային պայմանները վերանայելու հետ կապված: Ավելի քան 3 օր շուրջ 150 աշխատակիցներ հրաժարվեցին աշխատել: Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ ապրիլին կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս՝ 16 հազարից մինչև 37 հազար դրամ: Աշխատակիցներին ընկերությունը պայմանագրով պարտավորվել է առաջին 3 ամիսը ամսական նվազագույն աշխատավարձի չափով՝ 55.000 դրամ վճարել, իսկ հետո, վարձատրությունը լինելու էր գործարքային: Թե ինչպես է սահմանվել գործավարձի գնահատումը, աշխատողները տեղյակ չեն։

Ըստ աշխատողների` մինչև հիմա իրենց չեն բացատրել, թե ինչպես է սահմանվում իրենց աշխատավարձի չափն ու ինչ բանաձևով:

Բանվորուհիների բողոքին արդեն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նրանց հետ նաև հանդիպել են թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահն ու Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը: Չնայած բողոքներին, այնուամենայնիվ, հունիսի 3-ին բանվորուհիներից շատերը կշարունակեն աշխատել նույն պայմաններում: Ըստ տեղեկությունների՝ աշխատակիցների հետ հանդիպել է «Սասստեքս» ընկերության տնօրեն Ֆրանկ Մաչասեկը: Նրա խոսքերով` Գերմանիա ուղարկված պատվերների 30-40 տոկոսը ետ է գալիս վատ որակի պատճառով: Սակայն այս պնդումը բանվորուհիները անհիմն են համարում:

«Ստրուկի պես ենք աշխատում: Ոչ միայն աշխատավարձն է խնդիրը, այլև այն, որ աշխատանքային նորմալ պայմաններ ապահովված չեն, օրինակ, նորմալ օդափոխություն չկա արտադրական տարածքում, ճաշարան էլ չկա: Իսկ եթե բողոքում ես այդ ամենից, ղեկավարները դուռն են ցույց տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սասստեքս»-ի աշխատակցուհիներից մեկը՝ հրաժարվելով ներկայանալ. բանվորուհիներն լրագրողների հետ զրուցելիս խնդրում էին չնշել իրենց անունները՝ հետագա բարդություններից խուսափելով :

Աշխատակցուհիները, բացի ցածր աշխատավարձից, նաև բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ հին մեքենաներից, օդափոխության համակարգի բացակայությունից, անաշխատունակության թերթիկների չվճարումից:

Խնդրով խոստացել է զբաղվել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, իսկ մինչ այդ բանվորուհիներից շատերը խոստացան երկուշաբթի աշխատանքի անցնել:

Ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում: «Սասստեքս» ընկերության մյուս տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին