Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Նյարդերի պայքար. ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ մեկ ամսից. ում կառաջադրի նախագահն այս անգամ

31 Մայիս, 2019 08:56
«Ժողովուրդ». Նյարդերի պայքար. ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ մեկ ամսից. ում կառաջադրի նախագահն այս անգամ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական Դատարանի դատավոր: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչեւ հիմա ԱԺ ներկայացրած թեկնածուներից ոչ մեկն էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության «սրտով չեն». իշխանությունները ցանկանում են ՍԴ-ում տեսնել փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին:

ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման իրավունքը նախագահինն է, իսկ Արմեն Սարգսյանը չի ներկայացնում նրան /Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել էր նախորդ խորհրդարանում, եւ այն ժամանակ էլ ՀՀԿ-ական մեծամասնությունը նրան էր մերժել/:

Երեկ նախագահի ներկայացրած հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք նախագահը հաշվի առնելով ԱԺ մեծամասնության ցանկությունը` հաջորդ անգամ ՍԴ դատավորի պաշտոնում կներկայացնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն` Հանրապետության նախագահն ունի մեկամսյա ժամկետ թեկնածու առաջադրելու համար: Այդ ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի»,-ասաց տիկին Պետրոսյանը:

Նկատենք, որ այս պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ՝ ի վերջո, նախագահը Գրիգորյանին առաջադրելու է, թե շարունակելու է ուրիշ թեկնածու ուղարկել խորհրդարան՝ հերթական անգամ մերժվելու հեռանկարն աչքի առաջ ունենալով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին