Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

29 Մայիս, 2019 17:36
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.

ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2019 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /պաշտոնեական լիազորությունների չարաշահում/ քրեական գործ հարուցելու մասին:
__________

Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Մերժվել է նաև նույն գործով մարզպետի կողմից Կոտայքի մարզի դատախազին բերված բողոքը: 
Կոտայքի մարզպետարանը գտել է, որ ինչպես հետաքննության մարմնի, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կայացրած որոշումներն անօրինական են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայացրած որոշումներով սպառիչ պատասխաններ չեն տրվել հաղորդմամբ նշված իրավախախտումների, դրանց արդյունքում ենթադրյալ արարքներ թույլ տված պաշտոնատար անձանց գործողությունների և առաջացրած հետևանքների վերաբերյալ՝ Կոտայքի մարզպետը, հարցը կրկին քննարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2019 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /պաշտոնեական լիազորությունների չարաշահում/ քրեական գործ հարուցելու մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին