Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Երևանն ինչի՞ դիմաց է համաձայնել հավանություն տալ ադրբեջանական կապերի կրող և առաջ մղող Զասի թեկնածությանը. ի՞նչ «արժե» Զասը

29 Մայիս, 2019 09:53
«Ժամանակ». Երևանն ինչի՞ դիմաց է համաձայնել հավանություն տալ ադրբեջանական կապերի կրող և առաջ մղող Զասի թեկնածությանը. ի՞նչ «արժե» Զասը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ուրախալի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում եղավ համաձայնություն 2020 թվականից Բելառուսի ներկայացուցչի ռոտացիոն պաշտոնավարման հարցում. Երևանում ընդունելով Բելառուսի ներկայացուցիչ գեներալ Ստանիսլավ Զասին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստանիսլավ Զասի թեկնածությունը Բելառուսը ցանկանում էր առաջ մղել Խաչատուրովի փոխարեն, երբ հայտնի իրադարձությունների արդյունքում նա հետ կանչվեց, և Հայաստանի քվոտան մնաց թափուր: Բելառուսն ու Ղազախստանը ցանկանում էին վերցնել այդ քվոտան ժամանակից շուտ: Ինչ էր ցանկանում Ռուսաստանը՝ չորոշակիացավ, թեև Մոսկվան կարծես թե խաղում էր երկակի խաղ: Երևանը պնդում էր, որ քվոտան պետք է մնա: Քվոտան մնաց, բայց թույլ չտվեցին նշանակել նոր ներկայացուցիչ: Երևանն էլ թույլ չտվեց նշանակել այլ երկրի ներկայացուցիչ, թեև նախորդ տարեվերջին Բելառուսն ու Ղազախստանը պաշտոնապես հայտարարեցին, թե Զասն իբրև թե հաստատված թեկնածու է: Սակայն հնարքը, բլեֆը չանցավ, Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ միակ ղեկավարն էր, որ չընդունեց Զասին այդ ժամանակ:

Հիմա Փաշինյանը հայտարարում է հանգուցալուծման ուրախալիության մասին: Ի՞նչն է Հայաստանի համար ուրախալի, որ քվոտան պահպանվե՞ց: Թե՞ որ լուծվում է քվոտայի կանոնակարգման հարցը, երբ հետկանչի դեպքում մյուս անդամները պարտավոր են ընդունել տվյալ երկրի այլ թեկնածուի: Ի վերջո՝ խոսքն այն մասին էր, որ այստեղ կա խնդիր, և ՀԱՊԿ-ում այդ հարցը կանոնակարգված չէ: Սակայն ակնառու է, որ խնդիրը կանոնակարգը չէր, այլ քաղաքական իրողությունները, և Հայաստանի երիտասարդ իշխանությունը խոշոր հաշվով մնացել էր մենակ՝ ՀԱՊԿ, այսպես ասած, «մոնստր հնաբնակների» դեմ:

 Այդ տեսանկյունից Երևանը գրեթե փայլուն հանձնեց քննությունը՝ տեղի չտալով հոգեբանական և քաղաքական ճնշումներին: Մյուս կողմից՝ ակնառու է, որ խնդիրները ավելի լայն են, և Հայաստանի իշխանությունն էլ հարցը դնում է այդ համատեքստում՝ հայտարարելով, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից Հայաստանի անվտանգությանն ու ռեգիոնալ բալանսին նպաստելն է՝ դրանով նպաստելով խաղաղությանը: Մինչդեռ ՀԱՊԿ-ն առնվազն առայժմ գործել է բոլորովին այլ տրամաբանությամբ:

Այստեղ է հարցերի հարցը, որից էլ բխում է հարցադրում կոնկրետ իրավիճակի կապակցությամբ: Ո՞րն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում համաձայնության և հանգուցալուծման վերաբերյալ Երևանի ուրախության հիմքը: Եթե խոսքը ընդամենը քվոտան պահպանելու մասին է, ապա այստեղ ուրախությունը կարող է լինել, այսպես ասած, «պյուռոսյան», որովհետև Բելառուսը, Ղազախստանը անկասկած կփորձեն Հայաստանի «քթից բերել» այդ հաղթանակը կամ ուրախությունը: Մոսկվան էլ բնականաբար կանի նույնը՝ պարզապես դարձյալ ՀԱՊԿ-ում իրեն բնորոշ երկակի խաղով:

Այլ հարց է, եթե խոսքը այնպիսի հանգուցալուծման մասին է, որտեղ Երևանը դրել է ապագայի համար կարևոր հարցադրումներ ու պայմաններ, ինչի դիմաց համաձայնել է հավանություն տալ Զասի թեկնածությանը՝ հաշվի առնելով այն, որ Զասը ռազմական կրթություն ստացել է Բաքվում, համարվում է Բելառուսի ռազմաքաղաքական շրջանակներում ադրբեջանական կապերի կրող և առաջ մղող: Իհարկե հասկանալի է, որ Զասը չէ, որ որոշելու է ՀԱՊԿ քաղաքական վարքագիծը, ռազմաքաղաքական բնույթն ու տրամաբանությունը, բայց այդօրինակ թեկնածուի հաստատելու համար Երևանը ՀԱՊԿ-ից պետք է որ բավականին թանկ գին պահանջի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին