Կարևոր իրադարձություններ

Ղալաթ էին անում․ Տիգրան Ավինյանը՝ Արցախի նախագահների նկատմամբ բռնության սպառնալիքներ անողներին

28 Մայիս, 2019 16:37
Ղալաթ էին անում․ Տիգրան Ավինյանը՝ Արցախի նախագահների նկատմամբ բռնության սպառնալիքներ անողներին

Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետեւ տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից միանգամից հետո: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդեմ դատական համակարգի կազմակերպված հանրահավաքին, որտեղ կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հանդես էր եկել բռնության սպառնալիքներով:

«Ղալաթ էին անում»,-ասաց Ավինյանը՝ շարունակելով,- «Այսինքն, պետք է բանտարկվե՞ր, վճիռ է կայացվել դատարանի, որ անձը մեղավոր է, եւ պետք է դատապարտվի: Պետք է լինի համապատասխան քննություն, եւ այդ քննությունը ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինեն»։

Ավինյանը չի հավատում, որ այդ ակցիան գուցե հատուկ էր կազմակերպված՝ ներկայիս իշխանություններին վարկաբեկելու համար․

«Չեմ հավատում այդ դավադրությունների տեսություններին։ Շատ դեպքերում, երբ մեզ թվում է, թե որեւէ պայմանավորվածություններ կան, կամ որեւէ ստվերային գործարքներ, շատ մեծ հավանականությամբ դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ, չմտածված որոշումների հետեւանքներն են»:

Պատասխանելով խոշոր ներդրումները «ցրելու» վերաբերյալ լրագրողի հարցին՝ Ավինյանն ասաց, որ կարծում է՝ պետք է հասկանալ՝ ներդրողն ինչու է ուզում ինձ հետ հանդիպել, եթե պատասխանն ունենաք, կարող է շատ դեպքերում հասկանանք, որ ներդրողն իրական ներդրող չէ։

Փոխվարչապետը նշեց, որ մի քանի պատճառներով են ուզում հանդիպել իր հետ, ենթադրաբար՝ ինչ-որ արտոնություններ են պահանջում ներդրում անելու համար, եւ այլն․

«Եւ դա նշանակում է ավիացիոն շուկան խեղաթյուրել եւ ընկերությանն արտոնություն տալ, դա էլ քննարկելու բան է, բայց չեմ կարծում՝ ինչ-որ ընկերությանը կարող ենք յուրահատուկ արտոնություն տալ։ Եթե քաղաքականություն ենք մշակում, դա պետք է լինի բոլորի համար, բոլորի համար արտոնյալ պայմաններում, նման պայմաններ մշակվում են Ավիացիոն կոմիտեում»,-ասաց Ավինյանը՝ նշելով, որ իր դռները երբեք փակ չեն, եթե իրական ներդրողները ունեն խնդիր, միշտ կարող են դիմել՝ եթե ինքն ի զորու է խնդիրը լուծել։

 

Լրահոս

Դիտել ավելին