Կարևոր իրադարձություններ

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

28 Մայիս, 2019 11:06
Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Խարկովում տեղի է ունեցել հայ գրող եւ սցենարիստ Ակսել Բակունցի հուշատախտակի բացումը՝ նրա ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Ծրագրի կազմակերպիչներն են Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին:

Միջոցառումը կազմակերպվել է Խարկովի Վ. Դոկուչաեւի անվան ագրարային համալսարանում, որը Բակունցն ավարտել է 1923 թվականին: Ներկա են եղել պատվավոր հյուրեր՝ համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ուլյանչենկոն, Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայ համայնքի գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Ուկրաինայի պատվավոր նկարիչ Գառնիկ Խաչատրյանը, պատմական գիտությունների դոցենտ եւ հայագետ Իրինա Գայուկը, Սուրբ Հարություն եկեղեցու կրոնական կազմակերպության նախագահ Արմեն Բակմանյանը,ինչպես նաեւ հյուրեր Հայաստանից՝ գրողի ծոռը՝ Արմիկ Բակունցը, Սյունիքի նկարիչների միության ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ղեկավար Մարտիկ Գասպարյանը:

Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտորն ու ծրագրի նախաձեռնող եւ համակազմակերպիչ Սուսաննա Թամազյանը շնորհակալագրեր են ստացել Ուկրաինայում հայկական մշակույթի զարգացման գործում զգալի ներդրումի համար:

«Երկար տարիներ կար հայ մեծ գրող Ակսել Բակունցի հիշատակը հավերժացնելու գաղափարը: Այսօր ընդհանուր ջանքերով դա հաջողվեց»,- նշել է Սուսաննա Թամազյանը: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:

 

Լրահոս

Դիտել ավելին