Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է Վալերի Օսիպյանը մինչ օրս խուսափում կապի դուրս գալ Վիտալի Բալասանյանի հետ. «168 ժամ»

28 Մայիս, 2019 08:04
Ինչո՞ւ է Վալերի Օսիպյանը մինչ օրս խուսափում կապի դուրս գալ Վիտալի Բալասանյանի հետ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչ օրս փորձ չի արել կապի դուրս գալ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ եւ որոշակի պարզաբանումներ տալ՝ անցած կիրակի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված երեւանյան միջադեպի առնչությամբ:

Իսկ Վիտալի Բալաասանյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ այդ զանգին իրականում սպասել է եւ գուցե բացատրություն է ակնկալում մեկից, ում ժամանակին՝ Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման ժամանակ, պատանդ էին վերցրել, եւ ինքն էր ազատել նրան գերությունից:

Հիշեցնենք, անցած կիրակի Ավան վարչական շրջանում զինված ոստիկանները կանգնեցրել էին Երեւանում գտնվող Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ընկերոջ ավտոմեքենան՝ ասելով, թե օպերատիվ տեղեկատվություն ունեն, որ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահված։ Երկրորդ մեքենայում գեներալ Բալասանյանն էր, ով, իրավիճակի բերումով՝ հայտնվել էր իրադարձությունների կիզակետում:

Վիտալի Բալասանյանը նախ պահանջել էր ՀՀ ոստիկանության 6-րդ՝ հանցավորության դեմ պայքրի գլխավոր վարչության աշխատակիցներից դատարանի համապատասխան որոշումը ցույց տալ, որի հիման վրա միայն իրավապահներն իրավասու կլինեին խուզարկել մեքենան, սակայն կես ժամ այս ու այն կողմ զանգեր անելուց հետո 6-րդ վարչության աշխատակիցներն ասել էին՝ փաստաթուղթ չկա, ինչից հետո Արցախի  Անվտանգության խորհրդի քարտուղարն ուղղակի արգելել էր մոտենալ իրեն ուղեկցող մեքենային:

Քիչ ուշ ոստիկանությունը, իհարկե, հայտարարեց, թե գործողությունն ի սկզբանե կապ չի ունեցել եւ կապ չունի Վիտալի Բալասանյանի հետ, սակայն դրանից հետո էլ իրավիճակը մնաց լարված:

Մինչդեռ Արցախում եւ Հայաստանում ամենատարբեր շրջանակներում հակառակ ընկալումն են պնդում՝ մեքենան ոստիկանության կողմից թիրախավորվել էր՝ հենց Արցախի հերոսին ուղեկցելու պատճառով: Ավելին, մեր տեղեկություններով, մոտակայքում սպասում էին որոշ իշխանամերձ լրատվամիջոցների լրագրողները եւ օպերատորները, որպեսզի ճիշտ պահին, երբ հրահանգը տրվեր, նկարահանումներ անեին «դեպքի» վայրում։

Ամեն դեպքում, Արցախի հերոսն այս միջադեպը պատահականություն չի համարում, ոստիկանության ներկայացրած հիմնավորումները եւս համոզիչ չեն թվում իրեն, բայց միեւնույն ժամանակ՝ Բալասանյանը խուսափում է մեկնաբանություններ տալ՝ միայն այն բանի համար, որ ներքին խմորումների առիթ նորից չստեղծվի:

Ի դեպ, նշենք, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մտահոգություն ու որոշակի տագնապ կա առ այն, որ Արցախի նախագահի հնարավոր թեկնածու Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում սկսել է հաճախակի Երեւան գալ եւ հանդիպումներ ունենալ տարբեր շրջանակների հետ: Իսկ օրերս նրան ուղեկցող մեքենան խուզարկելու պատրվակով հնչեղություն ստացած ոստիկանության օպերացիան իրականում հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի հետ Վիտալի Բալասանյանի երեւանյան հանդիպմանը: Եվ այս տեղեկատվությունը՝ ըստ 168.am-ին փոխանցված լուրերի, խիստ նյարդայնացրել եւ լարվածություն է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ու իր գլխավորած կուսակցության ներսում:

Մյուս վարկածն այն է, որ Արցախի ներկայիս իշխանության առանցքային դեմքերից մեկը համարվող Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի համար դիտարկվում է Արցախի նախագահի ամենա ոչցանկալի թեկնածուն, ուստի միջադեպով արտահայտած պոռթկումը նրանց միջեւ առկա սառը պատերազմի, թերեւս, տեսանելի դրվագներից մեկը կարելի է համարել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու մասին վարկածը 168.am-ի հետ զրույցում նա հերքեց՝ նշելով, որ Ռ. Քոչարյանին ազատ արձակվելուց հետո չի հանդիպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին