Կարևոր իրադարձություններ

Ստանիսլավ Զասն այսօր ժամանում է Երևան

27 Մայիս, 2019 17:40
Ստանիսլավ Զասն այսօր ժամանում է Երևան

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հավակնորդ Ստանիսլավ Զասը մայիսի 27-ին ժամանում է Երևան:

Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ի շարունակություն Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,-նշեց Նաղդալյանը:

Զասը հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել, երբ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

Օրեր առաջ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ. հունվարի 1-ից: Որոշումը կայացվել է Բիշքեկում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին