Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Գորիսի կայազորի ՌՈ նախկին պետ․ Մարտի 1-ին 50-100 մեքենա Ղարաբաղից Գորիսի կայազորով անցել են դեպի Երևան

25 Մայիս, 2019 13:55
Գորիսի կայազորի ՌՈ նախկին պետ․ Մարտի 1-ին 50-100 մեքենա Ղարաբաղից Գորիսի կայազորով անցել են դեպի Երևան

Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական Աշոտ Վանյանը, ով 2008-ին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետ է եղել, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ 2008-ի մարտի 1-ին Ղարաբաղից զինծառայողների շարասյուն է մտել Հայաստան, և ինքն անձամբ է դիմավորել:

«2008 թվականի մարտի 1-ին ժամը 17:00-ի սահմաններում, ես ուղղակի չեմ հիշում, կամ շրջաբերական ենք ստացել, կամ բանավոր զանգահարել են և հրահանգ էին տվել, որ զորքը, որը որ ուղևորվում է դեպի Երևան, կար մաս, որը որ պետք է ուղեկցեինք, կար մաս, որը որ պետք է ուղղակի ապահովեինք անվտանգ երթևեկությունը Գորիսի կայազորով: Կոնկրետ Ղարաբաղից, կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց կասեմ հաստատ՝ 50-100 մեքենա մարտի 1-ի երեկոյան մոտ 17:00-ից հետո անցել են Գորիսի կայազորը, մեքենաներ, որոնք որ տեղափոխում էին անձնակազմը՝ Պաշտպանության բանակի զինծառայողներին: Ղարաբաղից Գորիսի կայազորով անցան դեպի Երևան: Հայտարարվել ա, որ զորք չի եկել, բայց ես անձամբ այդ զորքի անվտանգ երթևեկությունը ապահովել եմ դեպի Երևան», - հայտարարեց Վանյանը: 

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը հրաժարվեց հարցազրույց տալ, բայց ասաց, թե այս հայտարարություններն իրար չեն հակասում: Նա ընդգծեց, թե քրեական գործում առկա չէ գոնե մեկ նյութ, որ Լեռնային Ղարաբաղից որևէ զինծառայող է բերվել Երևան:

Այս մասին դատարանում հայտարարել էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ միջոցառումներին այդ ընթացքում: Մեկ մարդ չի բերվել: Հետո կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը», - ասել էր նա:

Մինչդեռ Քոչարյանի գործով մեղադրական եզրակացությունում գրված է․ «Մարտի 1-ին Երևան է տեղափոխվել Ղարաբաղի պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ»:

Նախկին զինվորական Աշոտ Վանյանն ասում է, որ Ղարաբաղից Հայաստան մտած զինվորականների մի մասն էլ Գորիսի զորամասերից մեկում է գիշերել: Ավելին՝ նրա խոսքով, Ղարաբաղից Երևան զինծառայողներ տեղափոխող մեքենաներից մի քանիսն ունեցել են Հայաստանի պաշտպանության նախարարության պետհամարանիշներ: Այս մասին հիշատակում կա նաև գործի մեղադրական եզրակացությունում:

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Գորիսից զորամասերից մեկի ՊՆ տարբեր պետհամարանիշները հավաքվել է զորամասի տարածքում գտնվող մեքենաներից, տարբել է դեպի Ղարաբաղ, Պաշտպանության բանակ, և այդ մեքենաները եկել էին ՊՆ պետհամարանիշներով: Կարող է ուրիշ պետհամարանիշներ էլ կային, բայց այդ համարներով մեքենաներ կային», - պնդեց Վանյանը: 

Մինչև անցած տարվա հեղափոխությունը Վանյանը ՀՀ ռազմական ոստիկանության պետի տեղակալն էր: Նա ասաց, թե աշխատանքից ազատման պատճառը ղեկավարի ապօրինի հրամանը չկատարելն է եղել: Այժմ Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդականն է:

Հարցին, թե արդյոք իրավապահներին փոխանցել է այս տեղեկությունները, Վանյանը պատասխանեց․ - «Ճիշտն ասած՝ ոչ: Որովհետև ես համոզված եմ եղել, որ այն, ինչ ես ասում եմ, այնքան ակնհայտ էր էդ ամեն ինչը, այնքան պարզ և բաց էր արվում, ինձ թվում է, որ բոլորը տեղյակ էին: Բայց էս վերջերս ես լսեցի, որ փաստորեն որ բոլորի համար հայտնի իրադարձություն ա եղել, և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպա, ես պարտավոր եմ դա բարձրաձայնել: Ես դա տեսել եմ և ինքս մասնակից եմ եղել, այդ շարասյուների անվտանգ երթևեկությունը ապահովել դեպի Երևան»:

 

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին