Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն ավելի շուտ սպասում էր Հրայր Թովմասյանի հրաժարականին

24 Մայիս, 2019 15:24
Ալեն Սիմոնյանն ավելի շուտ սպասում էր Հրայր Թովմասյանի հրաժարականին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից առաջ սպասում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանը հայտնեց մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, որովհետև Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մեծ կասկածներ, և մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ Հրայր Թովմասյանը հանրության մոտ վստահություն չի ներշնչում մի քանի պատճառով: «Նախ՝ նա եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժել են, և նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով: Երկրորդը՝ նա հեղինակել է երկու շատ վիճահարույց և ՀՀ քաղաքացիների կողմից բավական քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը: Կարծում եմ, որ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մայիսի 24-ին Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին