Կարևոր իրադարձություններ

Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան

24 Մայիս, 2019 13:23
Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան

 Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը՝ նշեց. 

«Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»:

Իոաննիսյանը նշել էր, որ Վանեցյանը մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունի:

Թոխմախի Բաբոյի մասին խոսելով՝ Վանեցյանն ասաց. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ:

Վստրեչի ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:

ԱԱԾ տնօրենը նաեւ ասաց, որ եթե Հայաստանում որեւէ մեկը իրեն կմեղադրի կոռուպցիոն հանցագործության մեջ ու կմատնանշի հիմնավոր փաստ, ապա ինքն անձամբ իր նկատմամբ քրեական գործ կհարուցի:

«Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է՝ եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տամ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 տոկոսը ինձ տվե՞լ է»,- ասաց Վանեցյանը:

Հարցին, թե այսինքն, հաստատո՞ւմ է, որ Ալեքսանդր Սարգսյանին 50 տոկոսներ են մուծվել, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ հաստատել նման բան: Եթե Ալեքսանդր Սարգսյանի հաշվին եղել է 30 մլն եւ ավել դոլար, որեւէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, թե որտեղի՞ց այդ գումարները»:

Դիտարկմանը, թե ինքը նախկինում էլ էր ԱԱԾ համակարգում աշխատում, այդ տեղեկությունները չի՞ ունեցել, Վանեցյանը պատասխանեց. «Ունեցել եմ, նախկինում թույլ չեն տվել»: Հարցին՝ ո՞վ թույլ չի տվել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քաղաքական ղեկավարությունը: Ես ծառայել եմ Հայաստանին ու շարունակում եմ ծառայել»:

Հարցին, թե կոնկրետ այդ գործին չե՞ն թույլատրել մոտենալ, Վանեցյանը պատասխանեց, որ դա կոնկրետ իր ոլորտը չի եղել, բայց մնացած աշխատողները, որոնք աշխատել են, չեն կարողացել կամ հիմնավորել, կամ թույլ չեն տվել հիմնավորել. «Դրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում՝ ծառայողական քննությամբ»:

Հարցին, եթե այդ մասին իմացել է, որ թույլ չեն տվել զբաղվել, ինչո՞ւ հրաժարական չի տվել այդ հիմքով, Վանեցյանը պատասխանեց. «Եթե հրաժարական տայի, ի՞նչ էր դա փոխելու: Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին