Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը. գործադիրը հավանություն տվեց առաջարկին

23 Մայիս, 2019 14:08
Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը. գործադիրը հավանություն տվեց առաջարկին

Կառավարությունն այսօր հերթական նիստին ընդունեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ասաց,  որ մինչև 90 օր քաղաքացիները կկարողանան ազատ այցելություններ իրականացնել, իսկ միգրացիոն ծառայությունները կհամագործակցեն առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար: 

Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ  Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, և Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ ՀՀ-ն այս ծրագրին հնարավորինս ինտենսիվ մասնակցի։ Նա նշեց, որ  այդ առումով ունեն կոնկրետ պայմանավորվածություններ: «Հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել»,- ասաց նա: 

Հարցի վերաբերյալ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ արհեստական բանականության ոլորտում համագործակցության ուղղությամբ  լուրջ առաջարկներ կան Չինաստանից: «։ Չինաստանն այս ոլորտում առաջատարներից մեկն է, նաև առաջարկ կա չինարենը՝ որպես օտար լեզու մեր դպրոցներում դասավանդելու ծրագիր ներդնել։ Այնպես որ, լավ զարգանում են հարաբերությունները»,- ասաց նա: 

Վարչապետն ավելացրեց, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների։

«Այսինքն՝ կա պատրաստակամություն և քաղաքական կամք կա: Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է, և մեր գործարարները կարող են զբաղվել դրանով: Միակ խնդիրն այն է, որ կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին»,- հավելեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին