Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում առաջին անգամ օրինականացվել է մարդկային մարմնի կոմպոստացումը

22 Մայիս, 2019 17:09
ԱՄՆ-ում առաջին անգամ օրինականացվել է մարդկային մարմնի կոմպոստացումը

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մահից հետո հանգուցյալի թաղմանն ու դիակիզմանը որպես այլընտրանքային միջոց օրինականացվել է մարդկային մարմինների կոմպոստացումը (կոմպոստ՝ միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ):

Վաշինգտոնը երկրում նման օրենք ընդունած առաջին նահանգն է, հաղորդում է Fox News-ը:

Մարդկային կոմպոստացումն արվում է հանգուցյալի մարմինն ավելի կարճ ժամկետում հող դարձնելու համար: Գործընթացը կատարվում է 30 օրվա ընթացքում: Մահացածի մարմինը տեղադրվում է հատուկ բույսով, փայտի տաշեղներով և ծղոտով լի պողպատե վեցանկյուն տարայի մեջ, և մեկ ամսվա ընթացքում դին հողի է վերածվում, որը, ըստ փորձարկումների, տեսքով «ոչ այլ ինչ է, քան պարզապես հող»: 

Կոմպոստացման ավարտից հետո հանգուցյալի հարազատներին թույլ է տրվում պահել կամ շաղ տալ հողը, ինչպես արվում է դիակիզման դեպքում, կամ օգտագործել այն ծառեր ու բույսեր աճեցնելու համար:

«Դա մեր մարմիններին մահից հետո իմաստ ու օգտակարություն է հաղորդում»,- ասել է հուղարկավորությունների կազմակերպմամբ զբաղվող People’s Memorial Association ընկերության գործադիր տնօրեն Նորա Մենքինը:

Վաշինգտոն նահանգում օրենքը կգործի 2020թ.-ի մայիսի 1-ից: Հաղորդվում է, որ գործընթացը շուրջ 5,500 դոլար կարժենա, ինչը շատ դեպքերում հուղարկավորությունից մատչելի է:

Մարդկային մարմնի կոմպոստացումն օրինական է Շվեդիայում, մինչդեռ Մեծ Բրիտանիայում օրինական է համարվում նաև «բնական հուղարկավորությունը», որի դեպքում մարմինը հողին է հանձնվում առանց դագաղի:

 

Լրահոս

Դիտել ավելին