Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Միջազգային մամուլը լի է Մխիթարյանի մասին նյութերով. երկրպագուները պահանջում են բոյկոտել ԵԼ-ն

21 Մայիս, 2019 20:31
Միջազգային մամուլը լի է Մխիթարյանի մասին նյութերով. երկրպագուները պահանջում են բոյկոտել ԵԼ-ն

Ֆուտբոլային աշխարհի թոփ թեման «Արսենալի» եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Այսօր՝ մայիսի 21-ին, նրա ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով նրան չի տանելու Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: Վերջին շրջանում Մխիթարյանի հարցը շատ էր քննարկվում միջազգային մամուլում, իսկ այսօր լրատվամիջոցները հատկապես ակտիվ են այն լուսաբանում: Դրանց թվում են բրիտանական հեղինակավոր BBC-ն, The Guardian-ը, The Telegraph-ը, The Mirror-ը, The Daily Mail-ը, The Sun-ը, իսպանական հեղինակավոր Marca-ն, AS-ը, Mundo Deportive-ն եւ այլն:

Որոշ լրատվամիջոցներ խիստ գնահատականներ են տվել ՈՒԵՖԱ-ին: Marca-ն, օրինակ, դատապարտել է այնպիսի մրցավայր ընտրելու համար, ուր ինչ-որ ֆուտբոլիստ չի կարող գնալ անվտանգության նկատառումներով: Ընդգծել է, որ կարծես 30-ականները լինեն:

The Sun պարբերականն էլ անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի պատասխանին, որը վերաբերում է Մխիթարյանի վերաբերյալ «Արսենալի» որոշմանը: ՈՒԵՖԱ-ն նշել էր, որ իրենք ու Ադրբեջանի իշխանություններն ապահովել են ֆուտբոլիստի անվտանգությունը, սակայն ակումբը նման որոշում է կայացրել, ինչը նրանք հարգում են: Նաեւ պատասխանել էր ակումբի այն դժգոհություններին, որոնք վերաբերում էին մրցավայրի հեռու լինելուն, ավիատոմսերի թանկությանը՝ ասելով, որ ամեն դեպքում Ադրբեջանը համապատասխանում է նման միջոցառում անցկացնելուն: The Sun-ը սա որակել էր որպես պաթետիկ պատասխան:

Օրեր առաջ իրենց զայրույթն էին արտահայտել «Արսենալի» երկրպագուները: Նրանք հայտարարել էին, որ, եթե թիմի 7 համար չկարողանա գնալ Բաքու, իրենք ակցիա են իրականացնելու. հանդիպման 7 եւ 77-րդ րոպեներին ցուցադրելու են նրա պատկերով դիմակները:

Այսօր նրանք կրկին խիստ դժգոհել են սոցիալական ցանցերում: Ընդգծել են, որ այն, ինչ տեղի է ունենում ամոթալի է ու խայտառակություն է: Նույնիսկ կոչ են անում հրաժարվել եզրափակչին մասնակցելուց կամ է փոխել մրցավայրը:

«Ես ավելի հպարտ կլինեի իմ թիմով, եթե բոյկոտեր Եվրոպա լիգայի եզրափակիչը, քան եթե հաղթեր այն»,- ասել է ակումբի ամենահայտնի երկրպագուներից մեկը՝ Ջեյմզ Մքնիքոլասը:

«Շատ պարզ է. եթե Մխիթարյանը չի կարող խաղալ, պետք է փոխել մրցավայրը, եթե ՈՒԵՖԱ-ն պնդի, պետք է հրարաժվել խաղից»,- գրել է եւս մեկը:

Թեմային անդրադարձել են նաեւ հայտնի ֆուտբոլիստներ: «Արսենալի» լեգենդ Յան Ռայթը խիստ զայրացած է:

«Կատարյալ խայտառակություն ՈՒԵՖԱ-ի կողմից: Ինչպե՞ս են թույլ տվել, որ սա տեղի ունենա»,- գրել է նա սոցցանցերում:

Իր զարմանքն է արտահայտել Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Գարի Լինեկերը: Նույնպես գրառում է կատարել սոցցանցերում:

«Այստված իմ»,- գրել է նա՝ կից հրապարակելով The Guardian-ի նյութը:

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիա» մարզադաշտում: «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է: «Արսենալի» համար հաղթանակը կարեւոր է ոչ միայն տիտղոս նվաճելու տեսանկյունից, այլեւ այն պատճառով, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունն է:

Ավարտվող մրցաշրջանի ընթացքում առաջին դեպքը չէ, որ Մխիթարյանը հանդիպում է բաց թողնում Ադրբեջանի պատճառով: Եվրոպա լիգայի խմբային փուլում «Արսենալը» մեկ անգամ մեկնել էր Ադրբեջան, խաղաց «Քարաբագի» դեմ: Մխիթարյանը թիմի հետ չէր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին